Լուծողական, ցավազրկող, ջերմիջեցնող. Որ դեղերն ազատ չեն վաճառվի դեղատներում

Առաջիկայում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում, քանի որ ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:

Առողջապահության նախարարության կայքում հրապարակվել է դեղատոմոսով բաց թողնվող դեղերի ցանկը, որի համաձայն, քաղաքացիներին հասանելի շատ դեղեր ազատ չեն վաճառվի դեղատներում։ Դրանք հնարավոր կլինի գնել բացառապես բժշկի ցուցման դեպքում, այսինքն՝ դեղատոմոսով։

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքում տեղադրված ցանկից, այսուհետև դեղատոմոսով բաց կթողնվեն այնպիսի հայտնի դեղեր, ինչպիսին են՝ «Աուգմենտինը», «Կոնկորը», «Լևոմիցետինը», «Անալգինը», «Իբուպրոֆենը», «Կալցիումի գլյուկոնատ-Դարնիցա», «Կապտոպրիլ», «Կետոնալ», «Մագնեզիումի սուլֆատ», «Մուլտիվիտամին», «Նո-շպա», «Նովոկային», «Պարացետամոլ», «Պենիցիլին», «Պրեստանս», «Սեդարեքս» և այլն։

Ավելի վաղ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ հաստատված է դեղատոմսի մի ձև, որը բազմակի օգտագործման համար է՝ ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար, կան կտրոններ, որոնց մի մասը մնում է դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվում, նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:

Մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:

Be the first to comment on "Լուծողական, ցավազրկող, ջերմիջեցնող. Որ դեղերն ազատ չեն վաճառվի դեղատներում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ