Հակոբ Հակոբյանը դեմ է ապահով ընտանիքներին միանվագ նպաստների տրամադրմանը

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դեմ  է Հայաստանի ամբողջ բնակչությանը միանվագ նպաստների տրամադրման ներկայիս համակարգին: Այսօր՝ փետրվարի 21-ին, հանձնաժողովում «Բազմազավակ ընտանիքների մասին» օրինագծի քննարկման ժամանակ նա ասել է, որ ապահովված ընտանիքները չպետք է ստանան այդ նպաստները (օրինակ, երեխայի ծննդի կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում), սակայն ամբողջ խնդիրը նրանում է, թե որ ընտանիքները կարելի է ապահովված  համարել:

«Եթե մենք չլուծենք այդ խնդիրը, հասցեականության հարցը մշտապես բաց կլինի», — ասել է նա՝ հավելելով, որ այս համատեքստում նա նաեւ բացարձակ համաձայն չէ ներկայացված օրինագծի հետ, որը, ըստ նրա, «բազմազավակ երեխաների մոր մեդալի եւ  կառավարության որոշումների մասին օրենք է »:

Օրինագիծը ներկայացնելով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նոր օրենքը սահմանում է այն հիմնական ուղղությունները, որոնցով բազմազավակ ընտանիքները կարող են պետական աջակցություն ակնկալել` սոցիալական աջակցություն, բժշկական օգնություն, բնակարան ձեռք բերելու օգնություն, արտոնյալ կենցաղային վարկեր, ինքնազբաղվածության աջակցություն եւ այլն:

Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, դրանք պետք է կառավարությունն ամեն տարի հաստատի՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները: Այս դրույթը ենթարկվել է պատգամավորների քննադատությանը, որոնք պահանջել են պարզաբանել հարցի գինը, եւ այն  ամրագրել օրենքում, այլապես կառավարությունը մշտապես «ծանրակշիռ» փաստարկներ կունենա այս ծրագրերը մնացորդային սկզբունքով ֆինանսավորելու համար:

Ամփոփելով ասվածը՝ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հնարավոր չէ բազմազավակ ընտանիքներին տարբերական օգնություն ցուցաբերել` կախված օրացուցային տարուց, ուստի նորմերը եւ քաղաքական սկզբունքները պետք է ամրագրվեն օրենքում:

Նա հետեւյալ առաջարկություններն է արել՝ բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներին ազատել եկամտահարկից, բազմազավակ մայրերի կենսաթոշակը այլ կերպ հաշվարկել (ոչ թե ստաժով), հարկերից ազատել բազմազավակ ընտանիքների տնտեսական գործունեությունը եւ նրանց անտոկոս հիփոթեքային վարկեր տրամադրել: Ինչ վերաբերում է բժշկական օգնությանը, ապա հանձնաժողովի նախագահը առաջարկել է նման ընտանիքներին ապահովագրական պոլիսներ տրամադրել, ինչպես դա արվում է սոցիալական փաթեթի շահառուների համար:

Հանձնաժողովը որոշել է վերանայել օրինագիծը:

 

Be the first to comment on "Հակոբ Հակոբյանը դեմ է ապահով ընտանիքներին միանվագ նպաստների տրամադրմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ