Հայաստանին սպառնո՞ւմ է Ռուսաստանում ու Վրաստանում տարածված կարմրուկը. armeniasputnik.am

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն օրերս հայտարարեց, որ երկրում կարմրուկի համաճարակ կա։ Հայաստանում կարմրուկի հիվանդացության իրավիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը` միաժամանակ վստահեցնելով, որ Վրաստանին պատուհասած վտանգը մեր երկրին չի սպառնում։

«Դա մեր բնակչության բարձր պաշտպանվածության և կոլեկտիվ իմունիտետի հաշվին է»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով` այդ իմունիտետը հիմնականում պայմանավորված է պատվաստումների ներգրավվածության բարձր մակարդակով և 2007թ-ին իրականացված լրացուցիչ պատվաստումներով։

«Այս պահին ունենք մեկ կասկածելի դեպք, որը լաբորատոր ուսումնասիրության փուլում է և շուտով կունենանք վերջնական եզրակացությունը։ Անձը դարձյալ շփվել է ՌԴ քաղաքացիների հետ, և ենթադրություն կա, որ եթե նույնիսկ վարակի առկայությունը նրա մոտ հաստատվի, այն տարածում չի ստանա»,- ասաց Սահակյանը` նշելով, որ վարակակրի հետ շփված անձինք ևս բժիշկների հսկողության տակ են, այժմ պարզում են նրանց պատվաստված լինելու հանգամանքը։

Կարմրուկի վարակի վերջին դեպքը Հայաստանում, Սահակյանի խոսքով, գրանցվել է 2017թ-ին, դարձյալ 40 տարեկան անձի մոտ, որը վարակվել էր Մոսկվայում իր հիվանդ բարեկամի հետ շփվելով, բայց նա իր շրջապատում որևէ մեկին չէր վարակել։

Տարածաշրջանում կարմրուկի վերջին բռնկումը գրանցվել է 2013թ-ին։ Այդ ժամանակ Վրաստանում վարակվածների թիվը հասել էր 13 000-ի, գրանցվել էին նաև մահվան մի քանի դեպքեր։ Նման տարածման պատճառը հայ մասնագետը համարում է կարմրուկի կանխարգելման պատվաստումներից հրաժարվելը։

Այսօր, Սահակյանի խոսքով, կարմրուկի համաճարակային իրավիճակ է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Եվրոպական տարածաշրջանում։ Իրավիճակն առավել բարդ է Հունաստանում, Ռումինիայում, Գերմանիայում։

armeniasputnik.am

Be the first to comment on "Հայաստանին սպառնո՞ւմ է Ռուսաստանում ու Վրաստանում տարածված կարմրուկը. armeniasputnik.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ