ՖԻՐԴՈՒՍԻ ՇՈՒԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՐՆԱՆԸ ՏԵՄՊՈՎ ԿՍԿՍՎԻ

Անցյալ տարի հուլիսին Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ տարիներ շարունակ ձգձգված Ֆիրդուսու շուկայի ապամոնտաժման եւ տարածքի կառուցապատման ծրագրի իրականացմանը։ Հիշեցնենք, որ «Գլենդել հիլզի» սնանկացումից հետո այս նախագիծը սառեցվել էր, բնակիչների փոխհատուցումների գործընթացը՝ դադարեցվել։ Պետությունը նոր ներդրող էր փնտրում, որը գտնելը մեզանում հեշտ չէ։ Անցյալ տարվա ամռանը կարծես թե գտնվել էր ներդրողը, ուստի սկսեցին հապճեպ ազատել տարածքը՝ փակելով շուկան։ Նշենք, որ այստեղ մարդիկ ե՛ւ ապրում են, ե՛ւ մինչեւ 2017-ի հուլիսը ակտիվ առեւտուր էին իրականացնում։ Երբ Կենտրոն թաղապետարանն ու քաղաքապետարանը քանդող տեխնիկա մտցրեցին տարածք, մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ պայքարում էին մի օր էլ շուկայի կյանքը երկարացնելու համար՝ մտավախություն ունենալով, որ այլ շուկաներ տեղափոխվելը ֆինանսապես ձեռնտու չի լինի իրենց։ Տաղավարները քանդվեցին, տրակտորով ինչ-որ ջրագիծ փորեցին, որը հիմա նորից լցվել է, առեւտրականներին տեղահան արեցին, ու գործը կանգնեց։ Հուլիսից մինչ օրս այստեղ որեւէ աշխատանք չի տարվել, շուկան դատարկ է, միայն մեկ-երկու տաղավար է կիսատ-պռատ գործում, մարդիկ էլ սպասողական վիճակում են, չգիտեն, թե գլխներին ինչ է գալու։

Մենք գրել էինք, որ հիմնական ներդրողն «Էլիտ գրուպն է»։ Ընկերության սեփականատեր Արմեն Մկոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությունը պետք է իրացման աշխատանքները կատարի, տարածքը մաքրեն-վերջացնեն, բնակիչներին տեղափոխեն, նոր իրենք սկսեն աշխատանքները։ Այս պահին սպասում են իրացման աշխատանքների ավարտին։ «Հիմա գնում է պրոցեսը, բայց դանդաղ է գնում, ցավոք սրտի»,- ասաց Մկոյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով պետք է փոխհատուցի տեղի բնակիչների բնակարանների դիմաց, Մկոյանն ասաց․ ««Գլենդել հիլզն» է զբաղվում էդ հարցով։ Մեր պայմանագիրը բնակիչների հետ չէ, էդ առումով մենք որեւէ պարտավորություն չունենք, սպասում ենք, որ տարածքը մաքրվի»։ Այսինքն՝ «Էլիտ գրուպը» կառուցապատողն է, բնակիչների հարցը պետության եւ մասամբ «Գլենդել հիլզի» վրա է, որոնք պետական գերակա շահ են ճանաչել այս տարածքը եւ որոշել են քաղաքաշինական ծրագիր իրականացնել։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արմեն Մկոյանին հազիվ են համոզել, որ իրականացնի ծրագիրը՝ խոստանալով մաքրել ու աղմուկից իրեն զերծ պահել։

Նա նաեւ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ է կառուցվելու այստեղ, եւ ով է կառուցելու․ «Երբ որ կավարտվի իրացումը, կտեսնենք, կարող է մենք անենք, կարող է մեկ ուրիշն անի։ Եթե մեր ժամկետներում չկատարեցին, մենք դուրս կգանք խաղից, մեկ ուրիշը կանի։ Քաղաքաշինության կոմիտեում կա կոնցեպցիան, թե ինչ պետք է արվի, ով էլ լինի ներդրողը, պետք է էդ կոնցեպցիայի շրջանակներում անի»։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն էլ ասաց, որ կառուցապատման ամբողջ նախագիծն ու քաղաքաշինական ծրագիրն իրենք են մշակել, սակայն իրացման հարցերով քաղշինկոմիտեն չի զբաղվում, զբաղվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը, որի աշխատանքները համակարգում է վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը։

Բայց նա տիրապետո՞ւմ է ինֆորմացիային եւ պատկերացնո՞ւմ է, թե ինչ է կառուցվելու տվյալ տարածքում, եթե հաջողությամբ ավարտվեն իրացման աշխատանքները։ «Տարածքի կեսից ավելին իրացված է, եւ պայմանագրերը, որոնք կնքվել են, որոշ ձեւափոխումներ են արվում ապագա տրվելիք բնակարաններում՝ համաձայն բնակիչների ցանկության»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ իրենք նախատեսում են, որ մարտի կեսերից հողային աշխատանքները պետք է սկսվեն տարածքում։

Թե ովքեր են ներդրողները, պարոն Սարգսյանն ասաց, որ ինքը ներդրողների խնդրանքով ձեռնպահ է մնում ասել, թե ինչ ընկերություններ են։ Բայց ասաց, որ այդ տարածքների նկատմամբ ակտիվացել է հետաքրքրությունը տարբեր ընկերությունների կողմից, այդ թվում՝ տեղական եւ արտասահմանյան։ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ չի բացառվում, որ իրացման աշխատանքների ավարտից հետո նոր ներդրողներ էլ ավելանան։ Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ ներդրողների ընդհանուր թիվը վերջնական փուլում դառնա 15-20 ընկերություն։ Մինչդեռ, առայժմ հայտնի են միայն «Էլիտ գրուպի» եւ «Գլենդել հիլզ»-ի անունները։

Թե ինչ է, ի վերջո, կառուցվելու այս տարածքում, Նարեկ Սարգսյանն ասաց․ «Պայմանագրերում լինելու է, թե ինչ է էնտեղ արգելված։ Այսինքն՝ մնացածը թույլատրելի է։ Թույլատրելի են ցանկացած հասարակական, բնակելի, օֆիսային, հյուրանոցային շինություններ եւ, բնականաբար, առաջին հարկերում՝ նաեւ առեւտրային, մշակութային եւ այլն։ Մենք խորհուրդ ենք տալիս ընդամենը։ Օրինակ՝ բնակելի շենք կառուցելը թույլ ենք տալիս, եթե այն ունի, օրինակ, բակային տարածք»։

Նարեկ Սարգսյանը, իհարկե, համաձայն է, որ իրացման գործընթացը դանդաղում է, եւ ավելի վաղ պետք է այն սկսված լիներ, բայցեւ բացատրեց, որ իրացման գոտիների հարցը լուծելը, ընդհանրապես, դժվար է ստացվում, քանի որ մարդկանց հետ գործ ունեն։ «Եվ ժամկետները, որ մենք պլանավորում էինք անցած տարի աշնանը սկսել, փաստորեն, կհետաձգվեն մինչեւ էս տարի գարուն։ Այո, որոշակի դանդաղում կա։ Բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի գարնանը տեմպով սկսել, ապա շատ արագ էդտեղ մեծ շինարարություն կսկսվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Մնաց ամենապատասխանատու օղակը՝ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը, ով աչքի ընկավ տարօրինակ վարքագծով։ Նա նախ վերցրեց հեռախոսը, լսեց հարցը, ապա ասաց՝ ես այդպիսի հարցերի չեմ պատասխանում, եւ անջատեց։ Մեր հարցերը գրավոր ուղարկեցինք, ու կառավարության լրատվական վարչությունը մեծ դժվարությամբ մի քանի օր անց կարողացավ խորհրդականից կորզել այս երկու տողանոց, ոչինչ չասող միտքը․ «Նշված տարածքի իրացման հետ կապված ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են, եւ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել ավելի ուշ»։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների։

Ի դեպ, կառավարության պաշտոնյաներից մեկը մեզ ասաց, որ խորհրդականի հետ շատ բարդ է շփվելը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Be the first to comment on "ՖԻՐԴՈՒՍԻ ՇՈՒԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՐՆԱՆԸ ՏԵՄՊՈՎ ԿՍԿՍՎԻ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ