ԱՄՆ-ի առաջին հարվածը՝ Հայաստանի հարևան երկրին

Չնայած Վաշինգտոնի տված վերջնագրերին ու հնարավոր պատժամիջոցներին՝ Անկարան պնդում է՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության միջոցներից հրաժարվելու միտք չունի: Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչև հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», — ըստ «Ազատության» պնդել էր՝ Պենտագոնի ղեկավարը: Ի պատասխան, Թուրքիայի ռազմական արդյունաբերության գծով գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը երեկ հայտարարել է՝ Անկարան բազմիցս փորձել է Վաշինգտոնի հետ քննարկել խնդիրը, Ամերիկան, սակայն, չի ընդառաջել:

 

 

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները, եթե դրանք կապված են Թուրքիայում S-400-ների տեղակայման հետ, սակայն նրանք որևէ քայլ չարեցին տեխնիկական թիմ ձևավորելու և այդ հարցերը քննարկելու համար», — ասել է Դեմիրը:

Թուրքիայի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել էր, որ Անկարան պատասխան նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավարին, մանրամասները, սակայն, չէր հրապարակել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է՝ ռուսների հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ: «Մենք արդեն գծել ենք S-400 համակարգերի մատակարարման ճանապարհային քարտեզը և համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, ամեն ինչ ավարտված է: Նրանք, ովքեր ուզում կամ առաջարկում են մեզ հրաժարվել գործարքից, իրականում մեզ լավ չեն ճանաչում», — հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

 

 

Պենտագոնը, իր հերթին, անցած շաբաթ Անկարա ուղարկած նամակով զգուշացրել էր՝ եթե ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը որոշումը չփոխի, դուրս կմնա ամերիկյան F-35 -կործանիչների ծրագրից: «Մենք այլևս չենք վերապատրաստի թուրք օդաչուներին, այս պահին Ամերիկայում վերապատրաստում անցնողներն էլ կվերադառնան հայրենիք, քանի որ նրանց անհրաժեշտ չէ հավելյալ հմտությունների տիրապետել», — գրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, ընդգծելով՝ երկկողմ հարաբերություններից բացի այդ գործարքը սպառնում է նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, վնասում է Թուրքիայի տնտեսությանն ու մեծացնում այդ երկրի կախվածությունը Ռուսաստանից:

Օր-օրի սրվող այս տարաձայնությունների

 

ֆոնին երկու երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են դեմ առ դեմ բանակցությունների: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, հունիսի 26-27-ը Հուլուսի Աքարն ու Պատրիկ Շանահանը կհանդիպեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ահա, ԱՄՆ-ն ի պատասխան առաջին կոնկրետ քայլերն է կատարում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ, որը, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, չի հրաժարվում ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից: Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, իսկ ռազմական ղեկավարությունը դադարեցրել է թուրք օդաչուների ու հրահանգիչների ուսուցումը, որոնք ԱՄՆ էին ժամանել F-35 ռազմական օդանավերի կառավարումը սովորելու նպատակով: Նրանց համար փակվել է նաև օդանավերի տեխնիկական ինֆորմացիան:

Foreign Policy ամսագիրը գրում է, որ Արիզոնայի ավիաբազայում վերապատրաստվելու նպատակով 4 թուրք ռազմական օդաչու և 2 հրահանգիչ կա: Վաշինգտոնն Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը:

Եթե Թուրքիան չհրաժարվի այս գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և կդադարեցվեն այդ գործարքի հետ կապված հարակից ծրագրերը: Ըստ Foreign Policy-ի, Պենտագոնն արդեն նախնական բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ՝ F-35-ի համար Թուրքիայի նախապես վճարված գումարը՝ կանխավճարը, վերադարձնելու համար:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը երեկ ընդունել է մայիսից Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձևը, որը Թուրքիային կոչ է անում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, բանաձևում նշված է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելը կխարխլի ԱՄՆ-ի գլխավորած տրանսատլանտյան պաշտպանական դաշինքը: Անկարան այսօր արձագանքել է Կոնգրեսին՝ հայտարարելով, թե ընդունված բանաձևը անընդունելի սպառնալիք է Թուրքիային:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե բանաձևն անարդարացի ու անհիմն մեղադրանք է պարունակում Թուրքիայի արտաքին քաղաքականության և արդարադատության համակարգի վերաբերյալ. «Անընդունելի է որոշումներ ընդունել, որոնք չեն նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանը, շարունակում են խոսել սպառնալիքների ու պատժամիջոցների լեզվով և սահմանում են արհեստական ժամկետներ»:

Կոնգրեսի երեկվա քննարկումներին Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ասել է. — «Արտաքին հարաբերություններում մենք սա հազվադեպ ենք տեսնում, բայց սա սև-սպիտակ հարց է: Երրորդ տարբերակ չկա: Կա՛մ պարոն Էրդողանը չեղարկում է Ռուսաստանի հետ գործարքը, կա՛մ՝ ոչ: Թուրքիան չի կարող միաժամանակ ռուսական սպառազինություն և ամերիկյան F-35 ունենալ», — ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Մետաքսյա Շալունց

Be the first to comment on "ԱՄՆ-ի առաջին հարվածը՝ Հայաստանի հարևան երկրին"

Leave a comment

Your email address will not be published.


*