«Լարվածությունը Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան

Լարվածությունը Ղարաբաղում կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք տեսնում եք՝ ինչ լարված իրավիճակ է Իրանի շուրջ, և այդ լարվածությունը շարունակում է աճել։ Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլևս տեղ չունեն Սիրիայում և Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հավելելով, թե նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, թե դա հասկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Իրանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա շաբաթներին՝ մայիսի վերջին և հունիսի սկզբին, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ անցնելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովի ժամանակ։

Ռուսական լրատվամիջոցների համաձայն, Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կապը պահելու համար հանդիպելը պարտադիր պայման չէ։

«Ես միշտ կարող եմ, երբ պետք լինի, զանգել Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա կարող է զանգել ինձ, դա պրակտիկա է և որևէ խնդիր չկա»,-ասել է Փաշինյանը։

Աղբյուրը՝ Ազատություն

Be the first to comment on "«Լարվածությունը Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*