«Թուրքիայում ապրում և աշխատում է շուրջ 30.000 ՀՀ քաղաքացի`նրանց մեծամասնությունը այնտեղ գտնվում է անօրինական միգրանտների կարգավիճակով». Վարուժան Գեղամյան

Թուրքիայում, ըստ տարբեր հաշվարկների, ապրում և աշխատում է շուրջ 30.000 ՀՀ քաղաքացի (չշփոթել թուրքահայերի հետ)։ Նրանց մեծամասնությունը Թուրքիայի տարածքում գտնվում է անօրինական աշխատավորական միգրանտների կարգավիճակով։ Բնականորեն, այս թեման սիրում է շահարկել մեր հարևան պետության ղեկավար Էրդողանը՝ պարբերաբար Հայաստանին սպառնալով երկրից արտաքսել «այդ 100.000 անշնորհակալ» հայաստանցի աշխատանքային միգրանտներին։ Մի քանի շաբաթ առաջ էլ նա հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ։ Մեզանում, սակայն, բավական սակավ տեղեկություններ կան այս մարդկանց մասին՝ անկախ իրենց թվից։ Մինչդեռ Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների թեմայի մանրամասն ուսումնասիրությունը, բացի գիտական կողմից, ունի նաև խիստ կիրառական նշանակություն։ Ինչպիսի՞ն է տարիներ ի վեր անօրինական միգրանտների կարգավիճակով ապրող մարդկանց առօրյան, ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք Թուրքիայի և Հայաստանի հանդեպ, ինչպե՞ս են պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները, ինչպե՞ս են համագործակցում տեղական իշխանությունների հետ։ Սրանք միայն հարցերի մի չնչին մասն են։ Թեմայի թեկուզ մակերեսային ուսումնասիրությունը հուշում է, որ իսկապես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել/ունենում այդ մարդկանց մոտ։
Բերեմ մի թարմ օրինակ, որը ինձ ստիպեց ևս մեկ անգամ մտածել այս թեմայի ուսումնասիրման հրատապության շուրջ։
Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում շատ պոպուլյար են դառնում կրոնական քարոզները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվում են տարբեր հեռուսաալիքներով։ Դրանցից ամենահայտնին, թերևս, Նիհաթ Հաթիփօղլու անունով քարոզչի եթերներն են, որոնք առանձնանում են նրանով, որ Հաթիփօղլուն սիրում է ուղիղ եթերի ժամանակ ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչները ուղիղ եթերում իսլամ ընդունում՝ այդպիսով հաղորդումը իսկական շոուի վերածելով։ Դա արժանանում է ոչ միայն միլիոնավոր մարդկանց հիացմունքի, այլև՝ վրդովմունքի։
Այսօրվա ուղիղ եթերում նրա հյուրը 13-ամյա Արթուր անունով հայ տղա էր, որը ուրախությամբ ուղիղ եթերում ընդունում է իսլամ։ Հաղորդավարը նշում է, որ նախապես ստացվել է ծնողների համաձայնությունը (տեսանյութը տեղադրում եմ առաջին հղման մեջ)։
Ես կասկած չունեմ, որ այս երեխան վերևում նշված հայ աշխատավորների զավակն է, ով, իր իսկ խոսքերով, 12 տարի է՝ ապրում է Թուրքիայում։
Բնականաբար այս դեպքը ընդհանրացնել չի կարելի է, սակայն այն ևս մեկ անգամ հուշում է, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել Թուրքիայում փաստացի ձևավորվող/ձևավորված նոր հայկական համայնքի մասին, որը, չի բացառվում, որ մի օր նորից պարտադրված լինի վերադառնալ Հայաստան։

Be the first to comment on "«Թուրքիայում ապրում և աշխատում է շուրջ 30.000 ՀՀ քաղաքացի`նրանց մեծամասնությունը այնտեղ գտնվում է անօրինական միգրանտների կարգավիճակով». Վարուժան Գեղամյան"

Leave a comment

Your email address will not be published.


*