«Աշխատում եմ տղաների թիմում եւ չեմ ուզում նրանց շեղել». Սյուզաննա Սեդրակյան

Սյուզաննա Սեդրակյանը, ով առավել հայտնի է իր անկեղծ ֆոտոշարքերով, եւ հաճախ տարբեր նախագծերում հանդես է գալիս որպես հաղորդավարուհի, հետաքրքիր նորություն ունի իր աշխատանքային առօրյայում: «Հինգերորդ ալիք»-ի եթերում նա վարում է «Day Off Սյուզաննա Սեդրակյանի հետ» հաղորդաշարը, որն արդեն հասցրել է երկու անգամ եթեր հեռարձակվել: Նոր հաղորդաշարն անդրադառնում է հայ հայտնիների առօրյային` թե ինչպես են նրանք սկսում իրենց աշխատանքային օրը, եւ ինչպես են անցկացնում երեկոները: BRAVO.am-ը Սյուզաննայի հետ զրուցել է նոր նախագծի նկարահանումների ընթացքի մասին, ինչպես նաեւ հետաքրքրվել՝ նորությունները միայն գործնակա՞ն կյանքում են, թե՞ նաեւ անձնական:«Նոր ձեւաչափով եւ նոր ասելիքով հաղորդում է: Մեր հյուրերը ներկայացնելու են՝ հիմնականում ինչով են զբաղված լինում օրվա ընթացքում: Ի դեպ, հաղորդման հերոսներն իրենք են ընտրում հաջորդ թողարկման հյուրին: Իհարկե, երբեմն պատահում է, որ հյուրերն ընտրությունը թողնում են մեզ: Օրինակ՝ Լուիզա Ներսիսյանը հաղորդման ավարտին հենց այդպես էլ ցանկացավ, ասաց՝ թող մի գեղեցիկ աղջիկ լինի հյուրը: Մենք էլ որոշել ենք այս անգամ անակնկալ մատուցել մեր հեռուստադիտողներին»,- պատմեց հաղորդավարուհին:

Սյուզաննա Սեդրակյանը

Խոսելով նկարահանումների ընթացքի մասին՝ Սյուզաննան ասաց՝ ամենատպավորիչ դրվագն այն է եղել, որ շապիկի նկարահանման ժամանակ իր ոտքերի տակ ստվարաթղթեր են դրել, որպեսզի քայլելիս չվնասեր շենքի տանիքը. «Դե, քանի որ ես սովոր էի կարմիր գորգին, իմ եւ ամբողջ թիմի համար շատ թեթեւ նկարահանում ստացվեց այդ օրը: Ես նոր եմ սկսում իմ քայլերը որպես հաղորդավարուհի, եւ այդ առումով բավական զվարճալի պահեր են լինում նկարահանումների ընթացքում: Առաջ սովոր էի ավելի քիչ տեքստեր ասելուն: Իսկ հիմա զվարճալի է ստացվում հատկապես հաղորդման սկիզբը նկարահանելը, քանի որ ես դեռ մի շնչով չեմ կարողանում երկար տեքստեր ասել:)»:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Սյուզաննան նշել էր, որ հեռուստադիտողն այս անգամ իրեն ավելի զուսպ կերպարներով է տեսնելու: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչով է դա պայմանավորված, եւ արդյոք սա նրա անձնական որոշումն է: Պարզվեց՝ այո, հաղորդավարուհին որոշել է այս անգամ ավելի քիչ շեղել իր հետ աշխատող տղամարդկանց ուշադրությունը.«Մոտ երեք տարի լինելով այս ոլորտում` հասկացա, որ «Day Off»-ի ժամանակ հեռուստադիտողների շարքերում ոչ միայն մեծեր, այլեւ փոքրեր են լինելու: Բացի այդ, ես աշխատում եմ տղաների թիմում եւ չեմ ուզում նրանց շեղել իրենց աշխատանքից (ժպտում է,- հեղ.): Հաշվի եմ առել նաեւ այն, որ հաղորդման հյուրերը նույնպես պետք է իրենց հարմարավետ զգան՝ մի ամբողջ օր ինձ հետ անցկացնելով»:

Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ՝ «Day Off Սյուզաննա Սեդրակյանի հետ» ծրագրի նկարահանումներին

Հաճախ տարբեր լրատվամիջոցներ Սյուզաննային ներկայացնում են որպես մոդել եւ հաղորդավարուհի: Նրան հարցրինք՝ նշված ոլորտներից որում է իրեն ավելի կայացած ու հարմարավետ զգում: Պատասխանեց, որ երկուսն էլ իրեն հոգեհարազատ են, սակայն հաղորդավարության մեջ դեռ ավելի սկսնակ է.«Ես ինձ որպես մոդել ներկայացնում եմ ավելի շատ իմ սոցիալական ցանցերի էջերում, իսկ որպես հաղորդավարուհի՝ արդեն հեռուստատեսությունում: Երկու ոլորտներն էլ շատ տարբեր են միմյանցից, բայց ես միանշանակ ավելի կայացած եմ որպես մոդել եւ գովազդային դեմք: Իսկ որպես հաղորդավարուհի ես դեռ շատ աշխատելու տեղ ունեմ»:

Մեր զրույցի ավարտին Սյուզաննա Սեդրակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նորություններ չունի նաեւ իր անձնական կյանքում: Ասաց, որ իր կարծիքով՝ դեռ երկար ժամանակ փոփոխություն չի լինի, քանի որ զբաղված է աշխատանքով եւ սիրելիներին հատկացնելու ժամանակ չունի.«Ես դեռ շատ բան ունեմ սովորելու, այնպես որ, անձնականը կսպասի: Ես այն մարդկանցից եմ, որոնց համար սերը կյանքի խթան է, եւ առանց սիրելու չեն կարողանում ապրել: Ես սիրում եմ, ու հենց այդ սերն էլ ինձ ուժ է տալիս առաջ գնալու»:

Սյուզաննան հավելեց նաեւ, որ առաջիկայում իր մասնակցությամբ եւս մեկ նախագիծ է լինելու, որի փակագծերն առայժմ չի ցանկանում բացել: Միայն ասաց, որ նախագիծն ավելի շատ տղամարդկանց է հետաքրքրելու: Շուտով մոդել-հաղորդավարուհին ներկայանալու է նաեւ նոր ֆոտոշարքերով, այնպես որ, մնում է սպասել ու տեսնել՝ որքանով անկեղծ ու համարձակ կստացվեն նոր լուսանկարները:

https://bravo.am/news/

Be the first to comment on "«Աշխատում եմ տղաների թիմում եւ չեմ ուզում նրանց շեղել». Սյուզաննա Սեդրակյան"

Leave a comment

Your email address will not be published.


*