10-ամյա գյումրեցի երեխան ինքնասպա՞ն է եղել, թե՞սպանվել…

Գյումրիում պտտվող խոսակցություններ կան, որ երեկ, թիվ 24 դպրոցի աշակերտ 10 տարեկան Դավիթ Գալոյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է, եւ, որ մայրը տղային գտել է ոչ թե կախված վիճակում, այլ հայտնաբերել է մահացած՝ վզին էլ ամուր գոտի փաթաթված:
Ինչպես է իրականում կատարվել դեպքը, այս պահին դեռ անհայտ է: Թիվ 24 դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ցնցված են կատարվածից: «Գերազանց երեխա էր, հոգատար ծնող ուներ: Մոր հետ տնակում էր ապրում: Մենք շոկի մեջ ենք, չենք հասկանում, թե ինչ կարող է պատահած լինի: Դավիթը նորմալ երեխա էր, նորմալ շփվւմ էր բոլորի հետ եւ հաադասարանցիների, եւ ուսուցիչների եւ դպրոցի մյուս աշակերտների: Շատ պարտաճանաչ էր: Անցյալ տարի ոտքը կոտրվել էր, հենակով էր գալիս դպրոց: Ասեցինք, կարող ես չգալ, որովհետեւ դժվարությամբ, ընկերների օգնությամբ էր բարձրանում 2-րդ հարկ: Բայց չբացակայեց: Ասեց տանը հաճելի չէ մենակ մնալը:  Դավիթը շախմատի էր հաճախում: Ես երեկ եմ նաեւ իմացել, որ կիթառի էլ էր գնում: Շատ նորմալ երեխա էր: Թե ինչ կարող էր պատահած լինել, չենք պատկերացնում նույնիսկ: Դասերից հետո տանը մենակ էր, մինչեւ մայրն աշխատանքից գալիս էր տուն»,-պատմեց դպրոցի տնօրենը:
Գարնանային արձակուրդներ են հիմա դպրոցներում, երեխային դպրոցում տեսել են անցյալ ուրբաթ օրը: Թե այս վերջին շաբաթում ինչ կարող էր պատահած լինել, ում հետ է շփվել, դպրոցի տնօրենը չգիտի: «Ինքը երեկ շատ ուրախ է եղել, հաղթել է շախմատի մրցումը, մորը զանգել, ուրախ հայտնել է լուրը, եւ էդպես է եղել, հիմա մենք  ահավոր հոգեվիճակում ենք»:
Դավթի ծնողներն ամուսնալուծված են: Հայրն ուրիշ ընտանիք ունի: Հավանաբար տղայի հետ կապ չի ունեցել, քանի որ դպրոցում նրան երբեք չեն տեսել: «Ամուսնալուծված ընտանքիների երեխաներ կան, որ մեկ-մեկ եթե հոր հետ են ապրում, մայրը, իսկ եթե մոր հետ են ապրում երեխաները, ապա հայրն է գալիս դպրոց: Դավիթի պարագայում մենք երբեք հորը չենք տեսել, ոչ մի անգամ դպրոց չի եկել, դրա համար կարծում ենք, որ շփում չեն ունեցել»:
Դավիթը 5-րդ դասարանում էր սովորում, երբեք անկանոն կամ վատ վարքով աչքի չի ընկել, գերազանց սովորող է եղել, ընտանիքի միակ երեխան էր:
«Ես չգիտեմ, թե թաղում ում հետ էր շփվում, դպրոցում արտառոց բան չենք նկատել, որ ասենք լարված հարաբերություն ունենա համադասարանցիների, կամ այլ դասարանների աշակերտների, կամ ուսուցիչների հետ: Ախր ոչ մի բան չկա, որ ենթադրես, թե գուցե դա լիներ պատճառ: Օրինակ, եթե ինքը պարտված լիներ, դե երեխա է, կարող է խորը ընկճվեր, հոգեբանական ծանր պահ ապրեր, ճնշվեր: Նույնիսկ դա էդպես չի, որովհետեւ Դավիթը երեկ հաղթել էր: Եթե ինչ-որ այլ պատճառ կա, ուրեմն դա իմ կարծիքով, ստեղծվել է այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ, մարտի 29-ին: Դավիթ Գալոյանին մահացած վիճակում հայտնաբերել էր մայրը, ով Գյումրի բժշկական կենտրոնում աշխատում է որպես բուժքույր:
Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով:

armtimes.com

Be the first to comment on "10-ամյա գյումրեցի երեխան ինքնասպա՞ն է եղել, թե՞սպանվել…"

Leave a comment

Your email address will not be published.


*