«Քոչարյանը վերջին ճիգերն է գործադրում, սա խռխռոցի նման մի բան է․ Նա արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ է, բայց ջահելները չգիտեն »․Արամ Մանուկյանը

– 2008թ. մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց վրդովմունքն են հայտնել «Գործ համար Մարտի 1» ֆիլմի կապակցությամբ՝ նշելով.     «Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և՛ ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել են: Մեր զգացմունքներն ու վստահությունը չարաշահելով՝ մեզնից ոմանց նկարահանել և ցուցադրել են մի ֆիլմում, որը սկզբից մինչև վերջ քարոզում է 2008թ. իշխանության ղեկավարի և զինված խմբերի ղեկավարների իբր անմեղությունը»։ Ընդհանուր գծերով կարո՞ղ եք ասել՝ Մարտի 1-ի գործ շուրջ ինչ-որ նոր բա՞ն է կատարվում:   – Դա աննախադեպ անբարոյականություն էր: Ես մասնակիցն եմ եղել այդ ամենին, Տ. Պասկևիչյանին էին խնդրել, նա էլ ինձ զանգահարեց, ասաց, որ Մարտի 1-ի մասին անաչառ ֆիլմ են ուզում նկարահանել ռուս լրագրողները, ինձ խնդրել են դիմել ծնողներին, իսկ ծնողները շատերին չէին վստահում, լրագրողներին մոտ չէին թողնում, և իմ երաշխավորությունն այն մասին, որ անաչառ ֆիլմ է նկարահանվելու, թույլ տվեց ներգրավել բոլոր ծնողներին: Այնպես որ, ադ ֆիլմի կազմակերպման «մեղավորներից» մեկը ես եմ, ես հավատացել եմ լրագրողներին, որոնք երաշխիքներ ներկայացրին… Ես միամտորեն տվել եմ մեր արխիվային նյութերը, ֆոտոները, նվիրել եմ Տ. Պասկևիչյանի ֆիլմը և մեր հրատարակած գիրքը, և մեր երաշխավորությամբ բոլոր ծնողներին տարել են նկարահանման: Երկու-երեք ժամ նկարահանել են, հաց ենք կերել, գերեզմաններին ծաղիկ ենք դրել, ծնողները հուզվել են, պատմել են իրենց ծանր տպավորությունների մասին… Երաշխավորում էին, որ ուժեղ և անաչառ ֆիլմ է լինելու, անգամ նկարահանելիս հուզվել, լացել են նկարահանողները, ասում էին՝ այդ եղերագործությանը ծանոթանալուց հետո խմել են, որ սթրեսը անցնի: Թե ինչ կատարվեց հետո, կամ գուցե սկզբից էր նախատեսված այդ ամենը, ամեն դեպքում եղավ այն, ինչ եղավ: Հետո նորից են եկել Երևան նկարահանման, եկել է նաև Ռոման Բաբայանը, որին ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, բայց, փաստորեն, նա կանգնած է եղել այդ ամենի ետևում: – Ե՞րբ հասկացաք, որ նախաձեռնությունն այլ տեղից է գալիս: – Միայն ֆիլմը դիտելուց հետո: Սպասում էինք, որ կհայտնվի անաչառ ֆիլմ, բայց եղավ հակառակը, մեր վստահությունը չարաշահեցին: Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ծնողներից, որ իմ միամտության պատճառով ևս մեկ անգամ ցավ պատճառեցինք, մի անգամ էլ կեղծիքի, խոփսուրի տակ ընկանք, և ստեղծվեց այդ այլանդակությունը, որը ցուցադրեց Ռոբերտ Քոչարյանին պատկանող հեռուստաալիքը: Այդ ֆիլմում մեր խնդրանքով նկարահանվել են տասնյակ մարդիկ, որոնք Մարտի 1-ի տուժածներ են՝ աշխատանքից հեռացվածներ, ծեծված մարդիկ, զինվորականներ, որոնք չկան ֆիլմում… Այս ֆիլմը կեղծիք է ծայրից ծայր… Անգամ տարօրինակ կեղծիքներ կան: Ծայրեիծայր խաբեություն է և Ռոբերտ Քոչարյանի գովերգումն է, թե ինչ «հերոս» տղա է, ստիպված է այս ամենն արել, չքմեղանում-անմեղանում է, մեղավորներ է փնտրում. մեղավոր է համարում այն մարդկանց, ովեր հրապարակում ժողովրդավարություն էին պահանջում և որ ամենավատն է՝ ծնողներին. դա ցինիզմ է: – Ի՞նչ նպատակ էին հետապնդում, ի՞նչ տվեց այդ ֆիլմը: – Ռ. Քոչարյանը վերջին ճիգերն է գործադրում, սա խռխռոցի նման մի բան է: – Չմոռանանք, որ զուգահեռ իրավական պրոցես է ընթանում: – Մեկ է, ինքը պետք է ինքնապաշտպանության պրոցես կազմակերպի և դրա համար օգտագործում է իր գողացած փողերը: Ասենք՝ եթե 6 մլրդ-ից 1 մլրդ-ն օգտագործի, որ ֆոնդ ստեղծի, որ իբրև թե ինքը հերոս է, որ այդ ամենն արել է երկրի շահերից ելնելով, որ լրագրողներ ու փաստաբաններ գնի, ինքը ֆոն է ուզում ստեղծել: Եվ այնպես չէ, որ այդ ամենն իզուր է անցնում, կան 18-25 տարեկաններ, ովքեր Մարտի 1-ը ո՛չ տեսել են, ո՛չ լսել, և այդ ֆիլմը կարող են դիտել, մտածել, որ Ռ. Քոչարյանը որպես երկրի ճիշտ ղեկավար արել է ճշգրիտ քայլեր: Կան մարդիկ, որոնց վրա սա կարող է ազդել, բոլորս չէ, որ գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Բոլորը չգիտեն, որ Ռ. Քոչարյանը միայն Մարտի 1-ով չէ հանցագործ, նա տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականություն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել, մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել, կուսակցական համակարգ է ոչնչացրել, որ դաշտը մտնես, ինքն այնտեղ ավերածություններ է արել: Բոլորը գիտեն, որ նա արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ է, բայց ջահելները չգիտեն: Եվ գտնվում են մարդիկ, որոնք շնից մազ պոկելու սկզբունքով ասում են՝ մեկ է, ինքը նստելու է, մեր քյարը կմնա այդ մի քանի հազար դոլարը, ինչպես արել է Ռոման Բաբայանը կամ մյուսները: – Դուք մի քանի մեղադրանքներ նշեցիք, բայց Քոչարյանի քայլերից երևում է, որ նրան մտահոգում է Մարտի 1-ը և նրա հակադարձումները դրա շուրջ են… – Մարտի 1-ն ամենաաղմկահարույցն ու զրնգունն է: Ինչքան էլ ավերածություններ է արել, սեփական ժողովրդի վրա կրակելը ուրիշ հանցագործություն է: Մարտի մեկը սովորական հանցագործություն չէ, այստեղ միայն սպանություններ չեն կամ անգամ միայն 0038 հրամանը չէ, որ բանակը բերեց ժողովրդի վրա, էլ չեմ ասում սահմանները թուլացրեց Երևանի հանրահավաքները ճնշելու համար, ինքն իշխանագողություն է արել, դա ռազմական հեղաշրջում էր: Կգա ժամանակը, և բացի իրավական գնահատականը, որը կտա դատարանն առաջիկայում, կա նաև քաղաքական գնահատական, այսինքն՝ միայն իրավական հանցագործություն չէ, որ կատարվել է, սահմանադրական կարգի խախտումը իշխանության զավթում է, Ռոբերտ Քոչարյանն իշխանագող է: Մարտի 1-ով նա գողացավ իշխանությունը, գողացավ ժողովրդի իրավունքը, ժողովրդի քվեն: – Ի դեպ, Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ դիմելու են ՄԻԵԴ: – Դե շնից մազ պոկելն ուժի մեջ է, իրենք լավ գումարներ են ստանում: Բայց սա վերջին ճիգերն են: Թեպետ շատ հաճախ խոսքի ազատությունը շփոթում են հանցագործին պաշտպանելու երևույթի հետ, խոսքս հանցագործի իրավունքների մասին չէ… Որոշ լրատվամիջոցների աստվածն ու թագավորը փողն է, փողի քանակն է որոշում, թե նրանք ինչ դոզայով պետք է Ռ. Քոչարյանին պաշտպանեն, նույնը փաստաբանները… կեղծիքներ տարածելով են զբաղված: Այդ լրագրողների և փաստաբանների ընտանիքներում կերած հացը հայհոյանքով ու անեծքով է թաթախված. գողացած փողերով տուն պահելն անբարոյականություն է, իրենք շատ լավ գիտեն, որ գողացված փողերով են վարձատրվում: Ես դեռ 88-ից եմ ճանաչում Ռ. Քոչարյանին… Վանաձորում արտադրված զենքը տեղափոխում էինք Ղարաբաղ, Ռ. Քոչարյանն ընդունում էր, բայց նույն Ռ. Քոչարյանը, որ թաքնվել է այն տանը, որտեղ այդ զենքը հավաքվում էր, այնտեղ հաց է կերել, քնել, բայց այդ տան տղային՝ Աշոտ Մանուկյանին երկու անգամ նստացրեց հենց այն զենքի համար, որ տեղափոխում էինք Ղարաբաղի ազատագրման համար, դրա համար եմ ասում՝ Քոչարյանի արածը ոչ միայն ցինիկություն, լպիրշություն է, այլ նաև անաղուհացություն է: – Վստահ եմ ծանոթ եք Ռ. Քոչարյանի ուղերձին՝ կալանավայրից: Առանձնացրել եմ այս հատվածը. «Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործը ոչ թե քանդվելու է ապագայում, այլ արդեն իսկ քանդվել է»: – Սա զռացող ցինիկություն է: Սրանք հիստերիկ շարժումներ են, որով նա փորձում է հետագայում մեղմացնել իր նկատմամբ պատիժը և խոսելու տեղ ունենա միջազգային ատյանում, հիմա նյութեր է պատրաստում ապագայի համար: Ինքը շատ լավ գիտի, որ ինչ արել է, բոլոր գիտեն: Նրա չքմեղանալու քաղաքականությունը չի աշխատելու… Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "«Քոչարյանը վերջին ճիգերն է գործադրում, սա խռխռոցի նման մի բան է․ Նա արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ է, բայց ջահելները չգիտեն »․Արամ Մանուկյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*