Սերժ Սարգսյանն Իջավ Ու Անմիջապես Թռավ Սահման. Ինչ Կատարվեց

Lragir.am-ը գրում է.

Արցախի պաշտպանության բանակը հայտնել է հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհի մասին: Ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինծառայողը, դեռեւս հայտնի չէ, պարզելու է քննությունը: Տեղեկությունը սակայն առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն իրադարձությունների պայմաններում, որոնք վերջին օրերին առկա են Արցախի հարցի կարգավորման գործընթացում, եւ հատկապես մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունենալիք Հայաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պայմաններում:

Իրավիճակը վերադառնում է լարվածության փո՞ւլ, որ առկա էր մինչեւ Դուշանբեն, թե՞ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպումից առաջ Բաքուն փորձում է դիրքային առավելություն ստանալ, այսպես ասած «մկան ցուցադրելով»: Երեւանի ու Ստեփանակերտի պատասխանը բավականին հստակ է: Ընդհանրապես բավական հստակ է գիծը, որ հայկական կողմը որդեգրեց թավշյա հեղափոխությունից հետո, սկսելով «մադրիդյան» տրամաբանությունից դուրս գալու գործընթաց:

Փուլն իրապես բավականին բարդ է: Երեւանը սկսել է ապամոնտաժել մի իրականություն, որ ձեւավորվել է 23-24 տարիների ընթացքում: Գործնականում դրա ապամոնտաժումը 2016-ի ապրիլին սկսեց հայկական բանակը, կասեցնելով ադրբեջանական գրոհն ու պահելով Հայաստանի ինքնիշխանության ու ռազմա-քաղաքական հեռանկարների վերջին թելը: Սակայն հետագայում քաղաքական իշխանությունն անկարող եղավ այդ թելով հյուսել նոր իրավիճակ, թեեւ Վիեննայում ստացավ դրա հնարավորությունը:

Ադրբեջանը փորձեց Ռուսաստանի օգնությամբ կասեցնել այդ հնարավորությունը: Մոսկվան մի կողմից անկարող լինելով Բաքվին աջակցել «պատերազմի իրավունքը» վերականգնելու հարցում, մյուս կողմից աջակցեց Վիեննայի օրակարգը առնվազն սառեցնելու գործում, քանի որ դրանով կորցնում էր ստատուս-քվոյի կառավարման գերիշխող դիրքը:

Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից վերադառնալով, Սերժ Սարգսյանը գրեթե անմիջապես՝ օդանավակայանից մեկնեց Արցախ եւ այցելեց հարավային սահման, որտեղ արձանագրվել էր ապրիլյան պատերազմի դիրքային կորուստը: Հատկանշական էր, որ Սարգսյանը նույնիսկ կոստյումը չէր փոխել կամուֆլյաժի, ինչն անում էր սովորաբար սահմանային դիրքեր այցելելիս:

Արդյոք Սանկտ-Պետերբուրգից հետո Սերժ Սարգսյանը փորձեց այդ հապշտապ, անմիջապես Արցախ այցով ընդդիմանալ Վիեննան չեղարկելու ռուս-ադրբեջանական փորձին: Եվ արդյոք դրա հետեւանքով նա ստացավ Հայաստանում հուլիսյան ծայրահեղ լարվածությունն ու ողբերգական իրավիճակը: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի Սանկտ-Պետերբուրգ մեկնելու ճանապարհին հայտարարվեց Երեւանում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին, զենք պահելու եւ ապստամբություն նախապատրաստելու մեղադրանքով կամ կասկածով:

Սարգսյանը կարողացավ հուլիսին պահել իշխանությունը, բայց հնարավոր է Վիեննայի գնով, ինչպես 2013-ին իշխանությունը պահեց Եվրասոցացիայի գործընթացի տապալման գնով:

2018-ի ապրիլին Սարգսյանը հասկացավ, որ երրորդ անգամ իշխանություն կարող է պահել այլեւս միայն Հայաստանի եւ Արցախի գնով, ու հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ, հեռացավ:

Փաշինյանը գրեթե անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի հարցում գործված գրեթե 25-ամյա սխալն ուղղելուն, ավելի շուտ՝ 2016-ի բանակի ուղղումը քաղաքական գործընթացի վերածելուն, կամ գործնականում մեկ-մեկուկես ամիս տեւած հետապրիլյան գործընթացը վերականգնելուն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Be the first to comment on "Սերժ Սարգսյանն Իջավ Ու Անմիջապես Թռավ Սահման. Ինչ Կատարվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*