Սաշիկ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ ինչի՞ համար է 18.5 միլիոն դոլար վերադարձրել պետությանը. 1in.am

Երեկ կառավարության աշխատակազմից իրականացված հարցման միջոցով հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց 18․5 մլն դոլարին համարժեք գումար է փոխանցել: 2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ անցած տարի հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանի միայն մեկ հաշվեհամարում 30 միլիոն դոլար գումար կա, որի վրա կալանք է դրված։

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր վստահորդի կողմից գումար վերադարձնելու փաստը՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։ «Այս պահին հաշվի առնելով, որ քրեական գործը գտնվում է քննության փուլում, ոչինչ չեմ կարող ասել։ Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել։ Ով որ այդ տեղեկությունը տարածել է, բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան»,- ասաց Պողոսյանը՝ հրաժարվելով պատասխանել նաև այն հարցին՝ արդյո՞ք այդ գումարի վերադարձը Սարգսյանին առաջադրված քրեական գործի շրջանակներում է, թե՞ ոչ։

Հարցմանը՝ ի՞նչ է ենթադրում այս պրոցեսը, արդյոք սրանով նա ազատվո՞ւմ է պատասխանատվությունից, կամ այդ փաստը մեղմացնո՞ւմ է նրան մեղսագրվող արարքը, Պողոսյանը նույն պատասխանը տվեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի կարող պատասխանել հարցերին։

Պողոսյանը, սակայն, նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը միանշանակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Be the first to comment on "Սաշիկ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ ինչի՞ համար է 18.5 միլիոն դոլար վերադարձրել պետությանը. 1in.am"

Leave a comment

Your email address will not be published.


*