Առաջին լուսանկարները՝ Առաջին ալիքի նոր դետեկտիվ սերիալի նկարահանումներից

Արթուր Կարապետյանը, Գոհար Իգիթյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Էլեն Ասատրյանը, Ռոզի Ավետիսովան, Դավիթ Գրիգորյանը և այլք Առաջին ալիքի եթերում շուտով կներկայանան «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ դրամայում:

Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր ֆիլմաշարը նկարահանվում է Սարմենի՝ Մկրտիչ Սարգսյանի գրական ստեղծագործության հիման վրա։ Սցենարը մշակել է Աստղիկ Սիմոնյանը։ Tert.am Life–ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները։

Պատմությունը սկսվում է 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությամբ, երբ 27–ամյա բժիշկը մարդկային գործոնի պատճառով չի կարողանում փրկել հիվանդի կյանքը։ Գլխավոր բժիշկը նրան առաջարկում է 2 ելք` ամուսնանալ իր դստեր հետ կամ քրեական գործ հարուցել։ Գլխավոր հերոսն ընտրում  է երկրորդ տարբերակն ու ֆիլմը սկսվում է։ Բժշկին մարմնավորում է Արթուր Կարապետյանը։

Հանրային հեռուստաընկերության և «Շարմ հոլդինգի» նոր ֆիլմաշարը բաղկացած է 32 մասից։ Ռեժիսորը խոստանում է լարված ու հագեցած սյուժեով հեռուստանովել։ «Ամեն սերիան ունի իր զարգացումը, լարվածությունը։ Ամեն տեսարան ինչ–որ բանի մասին է և խոսում է ֆիլմի, ոչ թե սուրճի կամ հարևանի կնոջ մասին։ Սյուժեն, իսկապես, շատ հագեցած է»,– նկատեց նա։

Գրական գործի էկրանավորումն իր բարդ կողմն ունի։ Երբ գեղարվեստական գործը ներկայացվում է կինոլեզվով, մի շարք փոփոխությունների է ենթարկվում, միաժամանակ, պետք է պահպանել զարգացումներն ու հանգուցալուծումները։ Այս աշխատանքը նուրբ մոտեցում է պահանջում։

«Երբ գեղարվեստական գրքի հիման վրա ֆիլմ ես նկարահանում, դառնում է այլ բան։ Կան գործեր, որոնց դեպքում կարող ես շեղվել ու իմպրովիզ անել։ Այս գործում շեղվելը շատ դժվար է։ Իհարկե, կան տեսարաններ, որոնք ավելի ենք հարստացրել կամ լարել, բայց ընդհանուր չենք շեղվել սցենարից։ Բարդ էր, քանի որ մենք իրավունք չունեինք փոխելու անունները, տարիքը։ Երկրորդը շատ պարտադրող է, քանի որ Հայաստանում չունենք դերասանական մեծ բազա։ Խնդրի առաջ էինք կանգնել, սակայն գտանք  դերասաների, որոնք իրենց իդեալական տեղում են և ճիշտ գրիմի շնորհիվ ստացանք ցանկալի արդյունքը»,– ասաց ռեժիսորն ու հավելեց, որ դերասանների տարիքային տարբերությունն իրենց կերպարներից շատ փոքր է։ Չեն ընտրել դերասանի, որն իրենցից շատ մեծ կամ փոքր հերոսի է խաղում։

Արտյոմը նկատեց, որ դերասանների ընտրությունն անելիս հաշվի է առել ոչ թե նրանց վարկանիշը, այլ հեղինակությունը։ Ըստ ռեժիսորի` դերասանների գործն այս նախագծում բարդ է, բայց և հետաքրքիր. «Սա այն գործերից է, որը դերասանը լիովին պետք է խաղա։ Խաղալու շատ բան ունի, քանի որ դետեկտիվ դրամա խաղալը շատ բարդ է»։

Հեռուստադիտողը հնարավորություն կունենա բացահայտումներ անել հերոսներին զուգահեռ։ «Հեռուստադիտողին տրվում է փազլ, որը պետք է կարողանա հավաքել։ Եթե կարողանա ավելի վաղ հավաքել այն, հանգուցալուծումը պարզ կլինի, եթե ոչ, վերջին սերիայում կտեսնի»,– նկատեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am

Be the first to comment on "Առաջին լուսանկարները՝ Առաջին ալիքի նոր դետեկտիվ սերիալի նկարահանումներից"

Leave a comment

Your email address will not be published.


*