Տրանսպորտի գինը կարող է բարձրանալ, իսկ դա մեծ աղմուկ կառաջացնի. Տնտեսագետի կանխատեսումները՝ թանկացումների մասին

 

018 թվականին թանկացումների  նոր ալիք է լինելու եւ դրա ազդեցությունը բոլորը կզգան, իսկ տնտեսական աճը պետք է փորձի փոխհատուցել դա: Այս մասին NEWS.a,-ի հետ զրույցում նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով 2018 թվականի հունվարի 1-ից սպասվող առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումներին:

Նրա խոսքով, այդ թանկացումները տարբեր քաղաքացիներ տարբեր կերպ կզգան իրենց վրա, որովհետեւ քաղաքացիների ամսական ռացիոնի մեջ տարբեր ապրանքներ են ընդգրկված. «Ասենք, մարդիկ կան ավելի շատ միրգ են նախընտրում ուտել, մարդիկ կան նախընտրում են բանջարեղենը: Առաջին անհրաժեշտության ապրանքները մի կողմից միսն է, կարագն է, շաքարավազն է եւ այլն, մյուս կողմից հացն ու ալյուրն է, իսկ ալյուրն այսօր ԵՏՄ-ից էժան է գալիս, այսինքն հացը կարող է չթանկանալ: Ձուն կարող է չթանկանալ, ճիշտ է Նոր տարվա շեմին թանկացավ, բայց հետո կիջնի: Մսի գինը բարձրացել է, որովհետեւ Ամանորից առաջ դեֆիցիտ էր առաջացել: Իհարկե, անասուններն արտահանվում են, բայց գյուղացիները կարող են արագ քանակն ավելացնել եւ դա նաեւ մոտիվացիա է, որ նրանք ավելի ինտենսիվ զբաղվեն գյուղատնտեսությամբ»,-ընդգծեց տնտեսագետը:

Միաժամանակ, ըստ Մակարյանի, ապրանքների տեսակներ կան, օրինակ բարձր տեսակի կարագը, որոնք ընտանիքների մեծ մասը գուցե չի էլ օգտագործում. «Այսինքն գումարային հաշվարկով որոշ ապրանքներ թանկանում են, որոշները՝ էժանանում, կախված թե ռացիոնն ինչպիսին է, մարդիկ կլինեն, որ էական գնաճ չեն զգա, կլինեն մարդիկ, որ կզգան:

Իմ կարծիքով, թանկացման ազդեցությունը բոլոր դեպքերում որոշակի առումով բոլորը կզգան եւ տնտեսական աճը պետք է փորձի փոխհատուցել դա: Այսինքն ավելի շահութաբեր ու կայուն ձեռնարկություններ եկող տարի կարող են լինել, որովհետեւ տնտեսությունն ավելի կայուն կլինի, հետեւաբար աշխատավարձերի բարձրացման հեռանկար կարող է լինել, որոնք կարեւոր են մարդկանց համար»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով փաստին, որ 2018-ին ընդունվելու է ԵՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, որն անդամ երկրներում մաքսային դրույքաչափերի նույն ռեժիմն է սահմանելու, ինչը Հայաստանի դեպքում ենթադրում է դրույքաչափերի բարձրացում, բացի այդ, հունվարի 1-ից այլեւս չի գործելու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը, Գագիկ Մակարյանը նկատեց, որ դա եւս բերելու է թանկացումների. «ԵՏՄ շրջանակում նախատեսված 750-800 անուն ապրանքների գծով Հայաստանը ժամանակավոր արձակուրդ էր խնդրել երկու տարով: 2018-ից այդ արձակուրդն ավարտվում է, նախատեսված պայմաններն արդեն գործելու են եւ այդ ապրանքներն արդեն ներառված են մաքսային օրենսգրքում: Բայց սրան զուգահեռ տրանսֆերտները կավելանան եւ դժվար է ասել, արդյոք մարդիկ կտրուկ տարբերություններ կզգան, թե ոչ»:

Դիտարկմանը, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ սեղմված գազի դեպքում՝ ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում, տնտեսագետն արձագանքեց. «Իհարկե, ակցիզային ապրանքների դրույքաչափերի բարձրացում է լինելու տրանսպորտի եւ բենզինի վրա, որը եւս կարող է թանկացման բերել: Թանկացման առումով ժողովրդի համար ամենակրիտիկականը բենզինի եւ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն է։ Դա կբերի նան, որ տրանսպորտային ընկերությունների գները կբարձրանան, իսկ դա կազդի ժողովրդի վրա, անգամ կարող է աղմուկ առաջացնել: Տրանսպորտը կարող է թանկանալ, բայց որոշ ապրանքների էժանացումը դա կարող է փոխհատուցել: Պետությունը պետք է սուբսիդավորի հասարակական տրանսպորտը: Ջուրը, օրինակ, սուբսիդավորեցին: Ինչ-որ բաներ կան, որ պետությունն էլ կփորձի պահել, դրա համար 2018-ը խորդուբորդ տարի չեմ համարում: ավելի հաստատուն մակարդակում կընթանա»:

Be the first to comment on "Տրանսպորտի գինը կարող է բարձրանալ, իսկ դա մեծ աղմուկ կառաջացնի. Տնտեսագետի կանխատեսումները՝ թանկացումների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*