Շավարշ Քոչարյանը՝ Կարագանդայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ.

«Բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա նկատել։ Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։

Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ:

Այս հորդորը շարունակում է արդիական մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար:

ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են: Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»։

https://mamul.am/am/news/141133/%D5%B7%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B7-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC

Be the first to comment on "Շավարշ Քոչարյանը՝ Կարագանդայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ"

Leave a comment

Your email address will not be published.


*