Ինչո՞ւ Չարենցավանում մերժեցին Փաշինյանին. ո՞վ է կանգնած բողոքի ակցիաների հետևում Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=46342&l=am

Շուրջ մեկ ամիս է, ինչ Չարենցավանի թիվ 3 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ գնալով սրվում են։ Դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դեմ են նոր ընտրված տնօրեն Աննա Բալյանին. նրանք պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։ Բողոքի ակցիաներով ուղեկցվող այս խնդիրն այնքան հասունացավ, որ մինչև անգամ միջամտեց վարչապետը։ Ստացվում է՝ վերջինիս նշանակած կադրերն այնքան թույլ են, որ չկարողացան լուծել նույնիսկ վարչության պետի մակարդակի լուծելիք խնդիրը, ավելին՝ թնջուկը գնալով ավելի է խճճվում։ ԼՈւՐԵՐ․com-ին հասած տեղեկություններով՝ այս հարցում մեծ հետաքրքրություն ունի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Նա նաև նույնչափ մեծ հետաքրքրություն ունի Կոտայքի մարզպետի պաշտոնի հանդեպ, ըստ երևույթին, կամ իր, կամ իր շրջապատից մեկ ուրիշին է պատկերացնում այդ պաշտոնում։ Հատկապես, որ այս օրերին վարչությունում քննարկումներ են գնում, թե ով ինչ պաշտոնի նշանակվի։ Հատկանշական է այն, որ տնօրենի հերթական բողոքի ակցիային, մինչ Փաշինյանի՝ Չարենցավան գնալը ներկա գտնվելով՝ Սասուն Միքայելյանը ծնողներին վստահեցրել է՝ իրենց կամքին հակառակ ոչ մի տնօրեն չի նշանակվելու։ «Մարզպետը չէ, ով ուզում ա լինի, ուզում ա հերը լինի»,- անգամ այսպիսի արտահայտություն է անում ծնողների այն դիտարկմանն ի պատասխան, թե մարզպետը խնդրին ոչ մի ձևով չի ուզում լուծում տալ։ Տեսանյութում Միքայելյանը նաև նշում է, որ Փաշինյանը կայցելի և անձամբ կզբաղվի այդ հարցով։ Սակայն, ի՞նչ տեղի ունեցավ երեկ։ Տեղի ունեցավ այն, որ Փաշինյանը ոչ միայն խնդիրը չլուծեց, այլև, այսպես ասած, փափուկ բարձ դրեց բողոքողների գլխի տակ․ «Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի»,- Փաշինյանը դիմեց աշակերտներին՝ հայտարարելով, որ ընտրությունները եղել են օրինական։ Հավաքված բազմությունը սակայն, չծափահարեց Փաշինյանին՝ ցույց տալով, որ դժգոհ է նրա հայտարարությունից: Ստացվում է՝ Սասուն Միքայելյանի հույսերը չարդարացան, և Փաշինյանը հարցին իր պատկերացրած լուծումը չտվեց: Այս ամենից կարելի է ենթադրել, որ «Իմ քայլի» ներսում էլ լարվածությունը մեծանում է: Ի դեպ, խոսվում է նաև այն մասին, որ, մասնավորապես, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Նկատենք, որ Նոր Հայաստանում նշանակված մարզպետներից ամենից շատ սկանդալների մեջ հայտնվածը Կոտայքի մարզպետն է։ Դեռևս ամիսներ առաջ էլ խոսակցություններ եղան, որ մարզպետն այնքան էլ համաձայն չի եղել Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի քաղաքապետ լինելուն։ Նույնիսկ մարզպետի և Սևակ Միքայելյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել և որքան էլ վերջիններս փորձեցին դա հերքել, այնուամենայնիվ, խոսակցությունները չդադարեցին: Ինչպես ասում են՝ «առանց կրակ ծուխ չի լինում»։ Օրեր շարունակ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում էլ բողոքի ակցիաները չեն դադարում, բնակիչները պահանջում են Ռոմանոս Պետրոսյանի ու նրա նշանակած համայնքապետի պաշտոնակատարի հրաժարականը, որը, ըստ նրանց, «մարզպետի մարդն է» և համարձակվել է դանակահարել 4 գյուղացու: Ավելի ուշ, դպրոցի խնդրին անդրադարձել է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա վստահեցրել է, որ այսօր դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է, իրենց երեխաներին դպրոցից հեռացնելու մասին դիմում գրած ծնողներից շատերն էլ դիմումները հետ են վերցրել։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

Be the first to comment on "Ինչո՞ւ Չարենցավանում մերժեցին Փաշինյանին. ո՞վ է կանգնած բողոքի ակցիաների հետևում Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=46342&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*