Գավառի քաղաքապետն ու Նիկոլ Փաշինյանի քայլարշավի մասնակիցը սպառնո՞ւմ են վերահսկողական ծառայությամբ. factor.am

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն ու «Իմ քայլը» դաշինքով առաջադրված, վարչապետի վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը «դաշինք» են կազմել և աջ ու ձախ սպառնալիքներ են հնչեցնում: Նրանք համայնքապետերին, մարզային ու համայնքային կառույցների ղեկավարներին պարտադրում են, որ Հայկ Սարգսյանի համար քվեներ ապահովեն:

Այս մասին փոխանցում են Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրները: Նրանց տեղեկացմամբ՝ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանն ու Գավառի քաղաքապետը որպես գործիք օգտագործում են վարչապետի վերահսկողական ծառայությունը։ Բանն այն է, որ նրանք գյուղապետերին և նշյալ կառույցների ղեկավարներին սպառնում են անակնկալ ստուգումներ իրականացնել իրենց կառույցներում, չարաշահումներ բացահայտել և երկրով մեկ խայտառակ անել:

Իսկ ընտրություններում իրենց աջակցելու դեպքում խոստանում են «ջրել» նրանց չարաշահումները, եթե այդպիսիք հայտնաբերվեն: Այս տեղեկությունների շուրջ փորձեցինք զրուցել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս, լսելով մեզ հետաքրքրող թեմայի մասին, սկսեց խուսափողական պատասխաններ տալ:

«Ես հիմա այնպիսի տեղ եմ, որ չեմ կարող պատասխանել: Ես բանի չեմ խառնվում, հիմա չեմ պատասխանի»,- ասաց նա և անջատեց հեռախոսը:

Մինչ այդ, սակայն, նա մի ուշագրավ վրիպում թույլ տվեց։ Երբ մենք տվեցինք Հայկ Սարգսյանի անունը և դեռ հարցը չէինք շարունակել, Գուրգեն Մարտիրոսյանը շտապեց հերքել մի բան, որի մասին դեռ չէինք հարցրել: «Չկա նման բան»,-ասաց նա ապա սկսեց ծիծաղել։ Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանից:

Նա այս տեղեկությունների մասին ասաց. «Եթե մի հոգի կհայտնվի, որ այդպիսի բան կասի, ես պատրաստ եմ իմ թագավորության կեսը տալ իրենց: Այստեղ ընկերական միջավայր է: Մենք ասում ենք, որ ձեր քվեն տվեք «Իմ քայլը» դաշինքին»: Ի դեպ, աղմուկը Հայկ Սարգսյանի անվան շուրջ չի դադարում: Նախորդ ամիս գրել էինք, որ նա համայնքի ղեկավարների հետ հանդիպելիս ներկայանում է վարչապետի բարեկամ, ընկեր և ասում, որ պետք է իր օգտին քվեարկել:

Ուսումնասիրելով Հայկ Սարգսյանի նախընտրական հոլովակները՝ արձանագրեցինք, որ նա դրանցում ևս օգտագործում է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ բոլոր կադրերում նա և Փաշինյանն են՝ հեղափոխության օրերից:

Հայկ Վարդանյան

factor.am

 

Be the first to comment on "Գավառի քաղաքապետն ու Նիկոլ Փաշինյանի քայլարշավի մասնակիցը սպառնո՞ւմ են վերահսկողական ծառայությամբ. factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ