Երեխաներին որքա՞ն երկար է կարելի նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջև

Երեխաների համար վնասակար է միևնույն տեղում երկար նստելը. առողջ լինելու համար նրանք օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ շարժվեն: Ինչպես նշեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, երեխաներին խորհուրդ է տրվում հեռուստացույցի առջև անցկացնել օրական 20 րոպեից ոչ ավելի, իսկ համակարգչի կամ գաջեթների առջև՝ 15 րոպեից ոչ ավելի:

Ժամանակակից երեխաների մեծ մասը հեռուստացույցի և համակարգչի առջև ավելի շատ է ժամանակ անցկացնում, ավելին՝ նրանք ստիպված են բավական ժամանակ էլ անցկացնել դասերի համար, և արդյունքում ստացվում է, որ երեխաները օրվա մեծ մասը նստած են՝ շարժվելու փոխարեն:

Մասնագետի խոսքով՝ ցանկացած տարիքում ֆիզիկական ակտիվության պակասը վնասակար է և զգալիորեն մեծացնում է մի ամբողջ շարք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային, օնկոլոգիական և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Օրինակ՝ ուղիղ աղիի քաղցկեղի զարգացման հավանականությունը անմիջականորեն կապված է նստակյաց կենսակերպի հետ, ինչն արդեն հաստատել են մեծ թվով հետազոտություններ:

Այս բոլոր խնդիրները կանխարգելելու համար միջինվիճակագրական մեծահասակ մարդուն խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվությանը տրամադրել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս: Իսկ երեխան, ինչպես պնդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը, պետք է ակտիվ լինի օրական գոնե 2-3 ժամ. և խոսքը ոչ միայն սպորտով զբաղվելու մասին է, քայլելը նույնպես հաշվարկվում է: Դե իսկ սպորտի և ֆիզիկական ակտիվության հանդեպ սերը, ինչպես շեշտեց փորձագետը, պետք է մանկուց ներարկել, այդ դեպքում երեխան ավելի առողջ կմեծանա, իսկ սպորտը նրա կյանքի մի մասը կդառնա նաև մեծ տարիքում:

Երևանի 20 դպրոցներում անցկացված հետազոտության համաձայն՝ հարցմանը մասնակցած 10-14 տարեկան 1085 երեխաների 63,7 տոկոսը 2015 թվականին ֆիզիկական ակտիվությանը կանոնավոր կերպով ժամանակ է հատկացրել: 2017 թվականին նրանց թիվը հասել է 69,6 տոկոսի: Ավելին՝ ավելի մեծ թվով երեխաներ են սկսել հասկանալ, որ առողջության պահպանման համար ֆիզիկական ակտիվությունն իսկապես կարևոր է:

med.news.am

 

Be the first to comment on "Երեխաներին որքա՞ն երկար է կարելի նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջև"

Leave a comment

Your email address will not be published.


*