Կաբելային մոնոպոլիայի կանխո՞ւմ, թե ոչ շահավետ բիզնես. ինչու դադարեցվեց Շանթ-Յուքոմ համագործակցությունը. armtimes.com

Նոյեմբերի 1-ին Յուքոմ ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացրեց, որ իրավատիրոջ պահանջով՝ ընկերության հեռուստատեսային ցանցում դադարեցվում է ՀՀ հեռուստադիտողներին հասանելի Շանթ հեռուստաալիքի վերահեռարձակումը։

Ընկերության այս հայտարարությունը մտահոգել է Յուքոմի և Շանթի բազմաթիվ բաժանորդներին, որոնք, փաստորեն, զրկվում են բաց եթերի տարբերակով Յուքոմի ցանցով Շանթ հեռուստաընկերության հաղորդումները դիտելուց:

Իրականում, Յուքոմի ցանցով Շանթ հեռուստաընկերության հեռարձակման խնդիրը երկու ընկերությունների ներսում ավելի վաղ էր ծագել: Մոտ մեկ ու կես տարի առաջ, երբ Արմենիա հեռուստաընկերությունը պայմանագիր կնքեց Յուքոմի հետ, հրաժարվելով բոլոր տեսակի կաբելային ցանցերից, այդ ժամանակ էլ սկսվեց «պրեմիում» հեռուստաալիքների ստեղծումը, ինչը որոշակի դժվարություններ առաջացրեց Շանթ TV-ի համար:

Մեր տեղեկություններով՝ նույն առաջարկը մեկ տարի շարունակ ստացել է Շանթ TV-ն: Յուքոմ ընկերությունն առաջարկել է որոշակի գումարի դիմաց համագործակցել բացառապես իրենց հետ, հրաժարվել մնացած կաբելային ցանցերից: Իսկ Շանթ TV-ին, իմանալով Յուքոմ-Արմենիա TV կապի մասին, ձգտել է ամեն կերպ խուսափել համագործակցությունից:

Այսօր Շանթ հեռուստաընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Պարգև Առաքելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կաբելային ցանցերից միայն Յուքոմից են դուրս եկել, իսկ բացի վերոնշյալից՝ կան այլ կաբելայիններ, որոնց միջոցով Շանթ հեռուստաալիքը դարձյալ հեռարձակվում է: Հեռուստադիտողները կարող են բաժանորդագրվել Ռոստելեկոմին և դարձյալ ունենալ Շանթի համապետական և մասնագիտացված բոլոր ալիքները:

«Մեր ստրատեգիական գործընկեր է ընտրվել Ռոստելեկոմը, որի հետ զարգացվում է մասնագիտացված ալիքների փաթեթ, որոնք նիշային ալիքներ են, պահանջարկ ունեցող ու թարմացվող: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից կարելի է ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը: Միացնելով հեռուստացույցին՝ հեռուստադիտողները կունենան Շանթի համապետական եթերն անվճար դիտելու հնարավորություն: Ո՛չ պրեմիում ալիքները»,-ասաց Պարգև Առաքելյանը:

Պարգև Առաքելյանի խոսքով՝ երկու համեմատաբար խոշոր կաբելային ցանցերից՝ (Ռոստելեկոմ և Յուքոմ) մեկի հետ էին ստիպված համագործակցել, և ընտրությունը կատարել են Ռոստելեկոմի օգտին:

ՀԺ-ի հարցին, թե ինչով էր դա պայմանավորված, Պարգև Առաքելյանն ասաց, որ Ռոստելեկոմի հետ ավելի հեռանկարային համագործակցություն են տեսել. «Մեր ընտրությունը նաև կապված է շուկայում բալանս ապահովելու հետ, որովհետև եթե Յուքոմ ընտրեինք, այս դաշտում էլ ամեն ինչ կմոնոպոլիզացվեր, Յուքոմը կունենար հայկական ամենախոշոր երկու հեռուստաընկերությունների սիգնալ»:

Վերջինս նաև նշեց, որ ֆինանսական տեսանկյունից էլ Ռոստելեկոմի առաջարկն ավելի խելամիտ է եղել, որը իրենց թույլ կտա զարգացնել նիշային մասնագիտացված ալիքները: «Յուքոմի առաջարկով մենք ի վիճակի չէինք, իրենց առաջարկած գումարը շատ փոքր էր, անգամ ծիծաղելի, քանի որ բյուջեի առյուծի բաժինը տրամադրում էր Արմենիային»,-ասաց Պարգև Առաքելյանը:

Ամբողջությամբ՝ armtimes.com

 

Be the first to comment on "Կաբելային մոնոպոլիայի կանխո՞ւմ, թե ոչ շահավետ բիզնես. ինչու դադարեցվեց Շանթ-Յուքոմ համագործակցությունը. armtimes.com"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ