ՀՀԿ «միայնակ գայլը» հրաժարվեց. ով է լինելու հաջորդը

Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությանը: Կարեն Կարապետյանը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է: Նա 2017 թվականի ապրիլին առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով եւ արձանագրել ամենաբարձր արդյունքներից մեկը:

Կարեն Կարապետյանը ուշագրավ դիրք է զբաղեցնում ՀՀԿ-ում, սկսած 2006 թվականի հուլիսից, երբ Սերժ Սարգսյանի հետ անդամակցեց այդ կուսակցությանը: 2008 թվականից հետո նա համարվում էր վարչապետի հավակնորդ, իսկ մամուլը գրում էր, որ Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու դեպքում անել մեծ ներդրումներ:

Կարեն Կարապետյանը սակայն չդարձավ վարչապետ: 2008-ից քիչ անց նա նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, այդ պաշտոնից հրաժարվելով 2011 թվականին: 2012-ին դարձյալ ընտրվեց պատգամավոր, եւ դարձյալ եղան խոսակցություններ վարչապետության մասին, սակայն վարչապետ մնաց Տիգրան Սարգսյանը, որին հետո փոխարինեց Հովիկ Աբրահամյանը:

Կարեն Կարապետյանը մի շարք հարցազրույցներում քննադատել է Հովիկ Աբրահամյանի գործունեությունը: Հարցազրույցներից մեկում էլ նա ուշագրավ հայտարարություն էր արել, որ 90 միլիոն դոլարով Հայաստանում հնարավոր է ցանկացած պաշտոնի տեր լինել:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ եղավ 2016 թվականին, որից հետո վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, բայց դարձյալ ոչ Սամվել Կարապետյանի եղբայրը: Թեեւ, նշանակվողը Սամվել Կարապետյանի բիզնես գործընկեր Կարապետյանն էր՝ Գազպրոմից:

2018-ին թավշյա հեղափոխության փուլում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հորդորեց չառաջադրել իր թեկնածությունը:

Անցնող ժամանակահատվածում Կարեն Կարապետյանի գործունեությունը ՀՀԿ-ում հիշեցնում է «միայնակ գայլի» կարգավիճակ: Մի կողմից նա իշխող համակարգի առանցքային ֆիգուրներից մեկն էր, մյուս կողմից ՀՀԿ-ում կարծես թե չի նշմարվում այսպես ասած Կարապետյանի շոշափելի թեւ:

Գործնականում Կարապետյանի հայտարարությունը՝ ԱԺ ընտրությանը չմասնակցելու որոշման մասին, ընդգծում է նրա «միայնակ գայլի» կարգավիճակը ՀՀԿ-ում, որովհետեւ ՀՀԿ որեւէ որոշման մասին դեռեւս հայտնի չէ:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը բացառիկ էր ՀՀԿ-ում թերեւս նրանով, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու դեպքում կարող էր ապահովել մեծ քանակությամբ քվե, հաշվի առնելով նրա բարձր վարկը իր տարածաշրջանում: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանի չմասնակցելը շոշափելի կորուստ է ՀՀԿ համար:

Մյուս կողմից, իսկ ինչու՞ պետք է Կարեն Կարապետյանն առաջադրվեր ու ձայն բերեր ՀՀԿ համար: Նրա ինչի՞ն էր դա պետք, եւ ինչի՞ն է պետք մանդատը: Կարապետյանի հայտարարությունը գործնականում հայտարարություն է Հայաստանում նոր իրավիճակի մասին: Այդ իրավիճակի մասին իհարկե շատերն են հայտարարում եւ վաղուց, սակայն Կարեն Կարապետյանն այդ իմաստով նշանային ֆիգուր է:

Նրա որոշումն ու հայտարարությունը խոսում են Հայաստանում սեփականության պաշտպանության համակարգում տեղի ունեցող վերափոխումների մասին, հատկապես նկատի ունենալով այն, որ առնվազն հայտարարության մակարդակում Կարեն Կարապետյանը խորհրդարանի մանդատը չի կապում Հայաստանում իրականացվող ծրագրերի հետ, հայտարարելով, որ դրանք շարունակվելու են, ավարտվելու են եւ լինելու են նորերը:

Այդ իմաստով, Կարեն Կարապետյանի հայտարարությունը առաջացնում է հարց՝ ով է լինելու հաջորդը, եւ ոչ միայն ՀՀԿ-ից: Կարեն Կարապետյանի պարագայում իհարկե առկա է նաեւ հարցը, թե արդյո՞ք նա կհրաժարվի ՀՀԿ-ից էլ, ու քաղաքականությունից ընդհանրապես:

ՀՀԿ «միայնակ գայլը» հրաժարվեց. ով է լինելու հաջորդը

Be the first to comment on "ՀՀԿ «միայնակ գայլը» հրաժարվեց. ով է լինելու հաջորդը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ