Արմեն Սարգսյանի խորամանկ խաղն ընդդեմ անկանխատեսելի Էրդողանի Նյութի աղբյուրը`http://armmedia.info/?p=550&l=am

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին»,-շարունակել է նախագահը: Ապա ՀՀ նախագահն իր խոսքը ուղղել է Էրդողանին. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: «Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,-ասել է նախագահ Սարգսյանը: Արմեն Սարգսյանի այս անկեղծ գնահատականներին հաջորդել է պաշտոնական Անկարայից արձագանք: «Հայաստանը նախ և առաջ պետք է հետ քաշվի Լեռնային Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պնդումներից և անպայմանորեն ընդունի պատմական իրողությունները», – հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Կարսի Կովկասյան համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ, Յըլդըրըմը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերի տրամաբանությանը, հայտարարել է, թե Թուրքիան մաքուր անցյալ ունի, և պատմական փաստերի քննությունը պետք է թողնել պատմաբաններին: «Ցեղասպանության մասին պնդումները ստոր են: Ցեղասպանություն, էթնիկ զտում և նման բարբարոսություններ արտահայտող եզրույթները մեզ չեն վերաբերում, բնորոշ չեն մեր քաղաքակրթությանը, որը գովասանքի է արժանի: Մենք մեր մաքուր անցյալից քայլում ենք դեպի լիահույս ապագա», – ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով․ – «Երբեք չենք ընդունել և չենք ընդունի մեր անցյալը սևացնել ցանկացողների պնդումները: Նրանց նպատակը իրենց ամոթալի արարքները թուրք ազգին վերագրելն է: Ի պատասխան, մեր ասելիքը հստակ է. պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է, կարևոր հարց է: Պատմական իրադարձությունները պետք է պատմաբանները ուսումնասիրեն և գնահատեն: Ասել ենք՝ եթե ուզում են, մեր արխիվները կբացենք, բոլոր ցանկացողները թող գան, ուսումնասիրեն, եթե ուզում են՝ հանձնաժողով կազմենք, թող աշխատեն մեր պատմաբանների, մասնագետների հետ միասին»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ թուրքական Մեջլիսի խոսնակը կրկնել է պաշտոնական Անկարայի պայմանները առ այն, որ եթե Հայաստանն իսկապես ուզում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել ու զարգացնել, ապա «նախ պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի օկուպացրած հողերից, պետք է ապահովի օկուպացիայի հետևանքով հեռացած շուրջ 1 մլն ադրբեջանցիների վերադարձը, անհապաղ հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պնդումներից և անպայմանորեն ընդունի իրականությունը»: Իհարկե, սա պաշտոնական Անկարայի անփոփոխ դիրքորոշումն է, սակայն չպետք է մոռանալ, որ Էրդողանը անկանխատեսելի առաջնորդ է և հայտնի է իր ոչ ստանդարտ պահվածքով: Ոչ ոք չի կարող ասել, թե նա ինչպես կվարվի Արմեն Սարգսյանի խոսքին ի պատասխան: Ինչպես ասում են՝ հիմա գնդակը Էրդողանի դաշտում է, թեև Հայաստանը չեղարկեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները՝ երկար ժամանակ սպասելով Թուրքիայի կողմից վավերացմանը, որն էլ արձանագրությունները կապելով ղարաբաղյան խնդրի հետ՝ դրանք այդպես էլ չվավերացրեց: Մետաքսյա Շալունց Աղբյուրը՝ http://hayeli.am Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "Արմեն Սարգսյանի խորամանկ խաղն ընդդեմ անկանխատեսելի Էրդողանի Նյութի աղբյուրը`http://armmedia.info/?p=550&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ