«Սենսացիոն» կարգադրություն Ադրբեջանի ՊՆ-ում՝ Ալիևի վերադարձից հետո

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ, Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար:

Պարզվում է, Դուշանբեում Փաշինյան-Ալիև շփումից մեկ օր հետ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել է Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական է տվել ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար:

Արդյոք սա շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջի իրականացման մի քայլ է՞, որի մասին 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջնորդները կոչ էին անում տեղադրել… Ամեն դեպքում, Ալիևի հանձնարարականն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի կարգադրությունը ուշագրավ զարգացում է:

Երեկ նաև Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևն է անդրադարձել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա հիշեցրել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ընդ որում, նրա խոսքով, դրա նախաձեռնողը եղել է Նիկոլ Փաշինյանը: «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոխարինելի, և որ բանակցությունները տարվում են հենց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, որոնք հակամարտության կողմեր են: Նաև հավելեմ, որ նույն ձևաչափով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, և հուլիսին Բրյուսելում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք դա դրական ենք գնահատում, և Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը բանակցային գործընթացի գործող ձևաչափին»,- ասել է Հաջիևը, սակայն հավելելով, որ շփման գծում լարվածության առաջացման մեղավորը միայն Հայաստանն է:

Ինչ են որոշել Բաքվում, պարզ կլինի ավելի ուշ: Հնարավոր է նրանք այս կերպ փորձում են Հայաստանի նոր կառավարության հետ՝ խաղաղ բանակցությունների գնալու պատրաստակամություն ցույց տալ, բայց իրականում հետագայում՝ բանակցությունների «ձախողման» մեղքը պաշտոնական Երևանի վրա բարդելով:

Մետաքսյա Շալունց

Be the first to comment on "«Սենսացիոն» կարգադրություն Ադրբեջանի ՊՆ-ում՝ Ալիևի վերադարձից հետո"

Leave a comment

Your email address will not be published.


*