ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՊԱՌԼԱՄԵՆՏ ՉԵՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՒ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ է

Ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով առաջին շփումն էր:

«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում…Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝ 80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,- ասաց վարչապետը և հավելեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն:

Իր հերթին «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք պետք է այնպիսի խորհրդարան ձևավորենք, որտեղ լինի իրական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կարողանան նախապատրաստվել»,-ասաց նա և հավելեց, որ դեռ պետք է ընտրական փոփոխությունները քննարկեն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրում. «Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում»:

https://www.hraparak.am/

Be the first to comment on "ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՊԱՌԼԱՄԵՆՏ ՉԵՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՒ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ է"

Leave a comment

Your email address will not be published.


*