Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը սպասում են իրենց առաջնեկին

BlogNews.am-ն ամերիկաբնակ ամուսիններ` երգիչ Միսթր X-ի և երգահան-հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի հետ զրուցելու նոր առիթ ունի: Օրեր առաջ զույգը Լաս Վեգասում նշել է Սվետլանայի ծննդյան օրը, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը պատմել է Վեգասում անցկացրած օրերի, ինչպես նաև թե ինչպես է Արթուրին հայտնել, որ շուտով ծնողներ են դառնալու:

«Ես և Արթուրը միասին էինք որոշում, թե ինչպես անցկացնենք այս տարեդարձս, մի քանի տարբերակ էինք քննարկել, արդյուքնում որոշեցինք Լաս Վեգասում նշել` մի քանի օրով կտրվելով մեր առօրյաից: Արթուրը ուշադիր է յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, նա շատ լավ հիշում է իմ արտաբերած բոլոր մտքերը և երբ եկել էր ինձ համար նվեր ընտրելու պահը, առանց երկմտելու գնել էր այն ինչ մի քանի ամսի առաջ խոսքիս մեջ ասել էի, որ հետաքրքիր «խաղալիք» է երևում»:

Շուտով կլրանա Սվետլանայի և Արթուրի ծանոթության հինգ ամյակը. «Փառք Աստծու որ ռոմանտիզմը և իրար հանդեպ հոգատարության պակաս չենք զգում: Հավանաբար այն պատճառով, որ մեր առաջին հանդիպումներին, ոչ թե հավելյալ ջանք էինք գործադրել իրար դուր գալու համար և հետո փոխվել, այլ եղել ենք այն ինչ կանք: Ուստի հիմա էլ մեր հարաբերությունները շարունակվում են նույն տրամաբանությամբ»:

Շուտով կծնվի Սվետլանայի և Արթուրի առաջնեկը: Սվետլանան անակնալ կերպով է ամուսնուն իր հղիության մասին լուրը հայտնել. «Արթուրին անակնալ էի արել: Երբ միասին տանն էինք, մեր տան զանգը հնչեց, նա էլ շտապեց տեսնել, թե ով է և դռան շեմի մոտ հայտնաբերեց մեծ արկղ` ծանրոցի տեսքով: Երբ բացեց, կապույտ և վարդագույն փուչիկներ դուրս թռան արկղից, իսկ փուչիկների ժապավեններից կախել էի մանկական երկու կոշիկ, կրկին նույն գույների մեջ: Ամուսնուս ուրախությունն աննկարագրելի էր»:

Զույգի առաջնեկն աղջիկ է, բայց անունի ընտրության հարցում չեն շտապում. «Մենք առհասարակ չենք շտապում, ոչ գնումներ ենք արել, ոչ էլ միջոցառումներ կազմակերպել: Ժամանակը կգա ամեն ինչ իր հերթին կանենք, իսկ հիմա պարզապես վայելում ենք սպասում լի հաճելի օրերը»,-եզրափակեց Սվետլանան:

Be the first to comment on "Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը սպասում են իրենց առաջնեկին"

Leave a comment

Your email address will not be published.


*