Նոր մանրամասներ Զովունիում մոր և երեխայի մահվան ելքով վրաերթից. 7-ամյա երեխայի հայրը նախկինում դատապարտվել է մահվան ելքով վրաերթ կատարելու համար. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արամայիս Վարդանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում՝գյուղի գլխավոր ճանապարհին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 38-րդ փողոցի բնակիչներ, 45-ամյա Գայանե Մանուկյանին և նրա տղային՝ 7-ամյա Տիգրան Վարդանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, սակայն եթե ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, ապա հնարավոր է՝ մահացածի հարազատները հաշվեհարդար տեսնեին նրա նկատմամբ:

Տեղում ճիշտ կողմնորոշվելով, ոստիկանության Եղվարդի բաժնի ոստիկան Գալուստ Շառոյանը կարողացավ արդարացիորեն իրենց նյարդերին չտիրապետող ժողովրդի միջից վարորդին դուրս բերել և տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի մեջ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած կնոջ ամուսինը 2016 թ-ի դեկտեմբերի 3-ին Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի դիմաց իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին:

Վերջինը տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: Ցավալի զուգադիպությամբ՝ Ն. Վարդանյանի երեխան նույնպես տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն և նույնքան ժամանակահատվածում էլ մահացել է: Այդ ժամանակ նա նույնպես փախուստի չի դիել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել էր, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել էր:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի թիվ 15 խումբը՝ խմբի հրամանատար Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր երեխային հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի պետ Հովհհաննես Ազարյանն ու Նաիրիի ոստիկանապետ Դ. Գևորգյանը: Վարորդը փախուստի չէր դիմել, նրան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի ուղեկցությամբ տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին:

Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Be the first to comment on "Նոր մանրամասներ Զովունիում մոր և երեխայի մահվան ելքով վրաերթից. 7-ամյա երեխայի հայրը նախկինում դատապարտվել է մահվան ելքով վրաերթ կատարելու համար. shamshyan.com"

Leave a comment

Your email address will not be published.


*