«Մարտի 1-ի գործում ընտրողական արդարադատություն է տեղի ունենում». Մոդեստ Կոլերով

168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության  գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի շրջանակում կողմերն ամրագրեցին հարաբերությունների զարգացում բոլոր ոլորտներում: Ավելին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, դրանցում չկան անլուծելի հարցեր այն դեպքում, երբ վերջին մի քանի ամսվա ընթացքում ինտենսիվ խոսակցություններ են տարածվել դրանցում առկա խնդիրների մասին, որոնք արտահայտվել են նույնիսկ պաշտոնյաների արձագանքներում: Իսկապե՞ս հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

– Ես չնկատեցի, որ այն խնդիրները, որոնք հնչել էին ռուսական կողմից, դուրս եկան օրակարգից, որովհետև Լավրովի դժգոհությունները, ՀԱՊԿ-ի դժգոհությունները չեզոքացած չեն: Ղեկավարները, կարծում եմ, հարցերի բավականին լայն սպեկտր են քննարկել, բայց չտեսա, որ Մոսկվային անհանգստություն պատճառող հարցերը վերացած են: Ուստի խոսքերն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են՝ Փաշինյանինն են: Իսկ մեզ պետք է սպասել արդյունքներին, որոնք կտա այս հանդիպումը: Ռուսաստանին, հռետորաբանությունից զատ, արդյունքներն են հետաքրքրում: Փաշինյանի կառավարությունից էլ, ըստ էության, կախված կլինի՝ այդ հարաբերությունները փայլո՞ւն են, թե՞ ոչ: Այս պահին կան խնդիրներ, որոնք հանված չեն:

– Ինչպես նշեցիք, ՀԱՊԿ-ից կան դժգոհություններ ՀՀ քաղաքականության հետ կապված: Բայց ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակում խնդիրներ տեսնում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը: ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ասել է, որ ոչ միայն Հայաստանն ունի պարտավորություններ ՀԱՊԿ-ի առջև, այլև ՀԱՊԿ-ը՝ Հայաստանի և մյուս անդամ երկրների առջև, ինչը պետք է հանգամանալից քննարկվի ՀԱՊԿ-ի ներսում: Նա նաև ակնարկել է, որ նման տեսակետ ունեն ՀԱՊԿ պարտավորությունների վերաբերյալ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները: Ն. Փաշինյանն ակնարկեց, որ Հայաստանն ակնկալում է աջակցություն ՀԱՊԿ-ից ադրբեջանական ագրեսիայի դեպքում: ՀԱՊԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների ֆոնին որքանո՞վ է իրատեսական ակնկալել, որ Հայաստանը կստանա աջակցություն ՀԱՊԿ-ից հնարավոր լարվածության դեպքում:

– Ակնհայտ է, որ այդպիսի սպասումները ՀԱՊԿ-ից ուտոպիստական են, քանի որ Ադրբեջանի ռազմական հարձակումները ոչ միայն Ղարաբաղի ուղղությամբ են, այլև Հայաստանի, բայց Հայաստանը երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին այդ հարցով, ՀԱՊԿ-ը ևս, ինչպես ինձ է հայտնի, չի առաջարկել օժանդակություն Հայաստանին: Սա բավականին նուրբ հարց է: Կարծում եմ` Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին պետք է դիտարկել հայ-ռուսական երկկողմ ռազմական հարաբերությունների տիրույթում, հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունները զարգանում են ՀԱՊԿ շրջանակներում: Դա չափազանց օգտակար է Հայաստանի համար, քանի որ ոչ միայն կարելի է խոսել միացյալ ՀՕՊ համակարգի մասին, հայ-ռուսական միացյալ զորախմբի, այլև արտոնյալ գներով` ներքին գներով Հայաստանին զենք տրամադրելու մասին, որոնք Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության հետևանք են: Այդ մատակարարումները տեղի են ունենում Ռուսաստանից վարկեր ձեռք բերելու միջոցով: Հայաստանը, ըստ էության, զենք է ձեռք բերում անվճար, կրեդիտները կուտակում են, դրանք ապագայում էլ, վստահ եմ, ներվելու են: Սա ամենակարևոր իմաստն է Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության: Պահանջել Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ռազմական իմաստով ավելին՝ հռետորաբանություն է: Փաշինյանն ինքը ևս դա հիանալի հասկանում է:

– Հայ-ռուսական հարաբերությունների վերջին փուլի ամենախնդրահարույց թեման վերաբերում էր Մարտի 1-ի գործին, որի շրջանակում քրեական հետապնդման են ենթարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որին Ռուսաստանը չի հանձնի ՀՀ իրավապահ մարմիններին: Հանդիպմանը հաջորդած մեկնաբանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ամեն դեպքում քննարկել են թեման, սակայն չեն եկել ընդհանուր հայտարարի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնականաբար, այս հարցերը հանդիպման կենտրոնը չէին: Սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ Մոսկվան իր դիրքորոշումը հայտնել է ավելի վաղ, Քոչարյանը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական, քաղաքական համագործակցության հիմնադիրն է, նրա նկատմամբ մեղադրանքը, էլի եմ ասել, աբսուրդ է, չունի հիմք: Այստեղ որևէ հարց մինչ հանդիպումը ևս չկար: Ինչ վերաբերում է Հարությունյանին, եթե իսկապես նա ՌԴ քաղաքացի է, ապա նրան հանձնելու հարցը փակված է Ռուսաստանի համար: Այսքանը:

– Այսինքն` սրանով, ըստ էության, փակվում է Մարտի 1-ի այն հատվածը, որը, ըստ իրավապահների գնահատականների, վերաբերում է Քոչարյանի՞ն:

– Ես չգիտեմ` փակվում է, թե ոչ, դա ՀՀ իրավապահների խնդիրն է: ՌԴ-ն իր քաղաքացուն չի հանձնի, եթե նա նույնիսկ երկքաղաքացիություն ունի: Այդպես է սովորաբար գործում ՌԴ-ն: Ես չեմ հասկանում, թե ինչու է այս նոր արդարադատությունն ընտրողաբար գործում, և այս գործում չեն ներգրավվում, օրինակ, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Սարգսյանը: Ես կարծում եմ` քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունենում անցումային արդարադատություն, ապա սա իր ընկալումն է ժամանակակից արդարադատության` անցումային արդարադատության մասին, այսպիսի տեսք ունի անցումային արդարադատությունը: Այսինքն` այս տեղում տեսնում եմ հանցագործություն, իսկ այն տեղում` ոչ: Տեսնում եմ, որ Մարտի 1-ի գործի հետ կապված ընտրողական արդարադատություն է տեղի ունենում:

– Դուք ինչո՞վ եք դա բացատրում:

– Ես չեմ կարող ասել: Նկատում եմ, որ անցումային արդարադատության ՀՀ վարչապետի ընկալումը դա է, բայց բացատրել կարող է նա, և ոչ՝ ես:

– Պարոն Կոլերով, հաշվի առնելով Պուտին-Քոչարյան հարաբերությունների հատուկ բնույթը, որի մասին հաճախ են վերջերս գրում հենց ռուսական ԶԼՄ-ները, շատերը Հայաստանում կասկածներ ունեն, որ Ռուսաստանն աջակցելու է ՀՀ երկրորդ նախագահին իր քաղաքական ծրագրերի իրականացման հարցում, իսկ նա հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Որքանո՞վ է դա հնարավոր, երբ ՌԴ-ն նաև նշում է, որ չի միջամտում ՀՀ ներքին գործերին:

– ՌԴ-ն իսկապես չի միջամտում և չի միջամտելու: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է աջակցել: Պետք է թերթե՞ր գնի Քոչարյանի համար, պետք է ստիպի ընտրե՞լ Քոչարյանին: Ընտրությունները բացառապես ներքին քաղաքականության և կյանքի բաղադրիչ են, դրան ինչպե՞ս միջամտի Մոսվան: Ռուսաստանը, իհարկե, չի աջակցի, որովհետև չի կարող աջակցել: Ավելին ասեմ` Ռուսաստանը, չնայած սպասումներին ու գնահատականներին, որևէ ազդեցություն չունի ՀՀ ներքաղաքական կյանքի վրա: ՌԴ ողջ աջակցությունը կրում է արտաքին քաղաքական բնույթ: Ուստի այդ խոսակցությունները պատրանքների ժանրից են:

– Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին, այսինքն` սահմանին գազը թանկանում է: Իսկապե՞ս ՌԴ նախագահը տեղյակ չի եղել, թե ինչ փոփոխություններ է կրել գազի գինը սահմանին:

– Չեմ կարծում, որ Պուտինը չի քնում և օրուգիշեր Հայաստանում գազի գնի մասին է մտածում: Նրան այդ դետալները, բնականաբար, չեն հետաքրքրում: Այս հարցը գտնվում է ՀՀ իշխանությունների տիրույթում: Ներկայումս գլխավոր հարցը ՀՀ-ի համար գազի գների հարցում հետևյալն է` ո՞վ է ստանում օգուտ գազի գնի սահմանին բարձրացված արժեքից, ովքե՞ր են այդ գնի շահառուները: Բնականաբար, ես կարծում եմ, որ սահմանի գինը պետք է կենցաղային գնից տարբերվի, բայց տարբերությունը մեծ չպետք է լինի: Պետք է հասկանալ` ինչպե՞ս է օգուտը բաշխվում, ինչպե՞ս է գնագոյացումը տեղի ունենում: Աբսուրդ է այդ մասին Պուտինի հետ զրուցելը, երբ դա քո իրավասության ներքո գտնվող հարց է: «Գազպրոմ Արմենիային» պետք է ուղղել այդ հարցերը:

– Երևի թե այդ հարցը քննարկվել է նման մակարդակով, քանի որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություն է, «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունը, և հարցն անուղղակիորեն առնչվում է նաև Ռուսաստանին և նման առանցքային ընկերության, ինչպիսին «Գազպրոմն» է:

– Բայց այդ ընկերությունը Հայաստանի ռեժիմով է, չէ՞, աշխատում, ՀՀ իշխանությունների ներքո: ՀՀ իշխանությունը կարող է «բացել», ուսումնասիրել այս հարցը, բացահայտել նման գնագոյացման հետևանքով մեծ շահույթներ ստացողներին: Այս տրամաբանությամբ կարելի է հարցը քննարկել Թրամփի հետ: Դա ՀՀ-ի տարածքն է, ՀՀ իշխանությունն է այդ ընկերության գործունեության համար թույլտվություն տալիս, ուրեմն կարող է ուսումնասիրել հարցը, և եթե կան խնդիրներ, լուծել:

«Մարտի 1-ի գործում ընտրողական արդարադատություն է տեղի ունենում». Մոդեստ Կոլերով

Be the first to comment on "«Մարտի 1-ի գործում ընտրողական արդարադատություն է տեղի ունենում». Մոդեստ Կոլերով"

Leave a comment

Your email address will not be published.


*