Փաշինյանը` Խաչատուրովի մասին. «Նշանակություն չունի` ինչ ազգանուն ունի գլխավոր քարտուղարը»

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԱՊԿ–ը Հայաստանի համար նույնքան թանկ է, որքան կառույցի անդամ մյուս երկրների համար։

Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո Երևանը մտադիր է պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է բելառուս լինել։

«Կա հստակ ժամկետ Հայաստանի ներկայացուցչի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման համար (3 տարի), այն չի լրացել։ Մենք, համենայն դեպս, ունենք դեռ մեկուկես տարի։ Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն ունի գլխավոր քարտուղարը։ Սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նախատեսված է», — ասել է վարչապետը։

Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի բոլոր գործընկերների հետ, և կփորձեն փոխհամաձայնության հասնել։

«Երբ համաձայնության գանք, կհայտնենք այդ մասին», — ավելացրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը համոզված է, որ այդ հարցը «պետք է լուծվի ընդհանուր համագործակցության ու դաշնակցային մթնոլորտում»։

«ՀԱՊԿ-ը դա նաև մեր կառույցն է։ Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի համար։ Այդպես չէ։ Այն մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի անդամ մյուս երկրների համար», — ասել է նա։

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։

Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։

https://www.iravunk.com/news/66292

Be the first to comment on "Փաշինյանը` Խաչատուրովի մասին. «Նշանակություն չունի` ինչ ազգանուն ունի գլխավոր քարտուղարը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ