Փաշինյանն ի՞նչ է փոխանցել Ալիևին` Մերկելի միջոցով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Բաքուն էր, որտեղ կայացել են Մերկել-Ալիև դեմ առ դեմ բանակցությունները, որոնց հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները: Կարևոր է ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում լուծելը, և այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին, օգոստոսի 24-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Մերկելը:

«Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասաց Մերկելը: Գերմանիան այս փուլում ԼՂ խնդրով կարծես որոշակի ակտիվություն է սկսում ցուցաբերել։ Բաքվում Անգելա Մերկելը և Իլհամ Ալիևը նույնպես քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացությունը։ Ստացվում է, որ Մերկելի և Ալիևի՝ Բաքվում կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացությունը: «Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով»,- գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում հայտարարել է Անգելա Մերկելը:

Բայց սա միակ հայտարարությունը չէ, կա մեկ այլ խիստ ուշագրավ հայտարարություն, որը հնչել է Բաքվում՝ Մերկելի կողմից։ Հայաստանում նոր կառավարության կազմավորումը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, ТАСС-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում: «Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին», – ասել է Մերկելը: Վերջինս ընդգծել է, որ իր «երկիրը շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում և իր ներդրումը կանի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Մենք համամիտ ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում և այս տարածաշրջանում պետք է կարգավորվեն խաղաղ, բանակցային եղանակով», – շեշտել է կանցլերը: Այսպես, Փաշինյան-Մերկել քննարկումներում Մերկելը, թերևս, Փաշինյանից ստացել է ծանրակշիռ հավաստիացումներ, որ պատրաստ է բանակցել։ Ավելին՝ Մերկելը ԼՂ խնդրով բանակցությունների շարունակականությունը ուղղակիորեն կապել է Հայաստանում կառավարության փոփոխության հետ։ Սա նշանակում է, որ Մերկելը ստացել է ծանրակշիռ հավաստիացումներ պաշտոնական Երևանից և այդ հավաստիացիումներն ավելին են, քան ստանդարտ-պրոտոկոլային հայտարարությունները։ Մնում է մոտ ապագայում պարզել, թե Գերմանիան ի՞նչ դեր է ստանձնելու և ինչպե՞ս է ստանձնելու ԼՂ խնդրում։

Թամար Բագրատունի

Փաշինյանն ի՞նչ է փոխանցել Ալիևին` Մերկելի միջոցով

Be the first to comment on "Փաշինյանն ի՞նչ է փոխանցել Ալիևին` Մերկելի միջոցով"

Leave a comment

Your email address will not be published.


*