Ժամանակին ես դեմ էի Խաչատուրովի թեկնածությանը. Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ նախագահի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ ժամանակին ինքը դեմ էր Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելուն, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Լուկաշենկոն ասել է բելառուսական «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցում»,- ասել է նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև օգոստոսի 22-ին Սոչիում` Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: «Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը… Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան կառույցի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- հայտնել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Նշենք, որ ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է և իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

http://bavnews.am/category/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0/

Be the first to comment on "Ժամանակին ես դեմ էի Խաչատուրովի թեկնածությանը. Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ նախագահի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*