«Սուր անկյուն»-ն աղավաղում է թե նախարարի խոսքը, թե վիճակագրությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի օգոստոսի 26-ի թողարկման վերաբերյալ, որը վերաբերում էր Հայաստանում երեխաների պատվաստումներին: «Արմենպրես»-ը նախարարության հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի օգոստոսի 26-ի թողարկմանը, որում ներկայացվում է մեր երկրում երեխաների մահերին առնչվող խեղաթյուրված և իրականությունից բացարձակ հեռու պատկեր, հայտարարում է`

Ռեպորտաժում ներկայացվածը սուտ է. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երբևէ չի հայտարարել, թե մահերը պատվաստման հետևանք են: Մոր և մանկան մահերի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելիս նախարարը խոսում է առհասարակ մանկական մահերի բոլոր դեպքերի մասին, ոչ թե պատվաստումների հետևանքով առաջացած: Հարցազրույցը, որից տվյալ հաղորդման մեջ մեջբերումներ են արված, լայն հասանելի է համացանցում, իսկ նախարարի խոսքը հասկանալի է բոլոր գրագետ մարդկանց:

Հաղորդման մեջ փաստի խեղաթյուրումն անընդունելի է ոչ միայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի, այլև առհասարակ բնակչության համար ամենախոցելի թեմային` երեխաների առողջությանն առնչվող հարցը անառողջ նպատակներով շահարկելու առումով:

Նախարարությունը հայտարարում է` վերջին տասնամյակում Հայաստանում բուն պատվաստումից մահվան դեպք չի գրանցվել: Ավելին, հանրապետությունում 2000թ. համեմատ մանկական մահացությունը կտրուկ նվազել է` մոտ 2 անգամ: 2017թ. գրանցվել է 8.1 պրոմիլե մանկական մահացություն, (այսինքն` մինչև մեկ տարեկան հասակը մահացել է ամեն հազարից  8.1 երեխա): Այնինչ նույն այս ցուցանիշը 2000թ. կազմել է 15.6 պրոմիլե:
Մանկական մահացության կրճատումը նաև հանրապետությունում պատվաստումների գործընթացի բարելավման արդյունքն է:

Արձանագրվող մանկական մահերի գերակշիռ մասի պատճառը բնածին անոմալիաներն են, որոնց դեպքում, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել երեխաների կյանքը, ինչի մասին և հստակ խոսում է նախարարը: Իսկ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահերը մահվան պատճառների ամենափոքր մասն են կազմում` 0.1 տոկոս: Հետպատվաստումային շրջանում գրանցվող մահերը նույն պատճառներով գրանցվում են նաև չպատվաստված երեխաների մոտ:

Մայրական և մանկական մահացության ամեն առանձին դեպք առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է և հատուկ ուսումնասիրության առարկա է դառնում: Իսկ լրատվամիջոցների կողմից առանձին դեպքերի շահարկումը խոչընդոտում է իրավապահ մարմինների կողմից դրանց նախաքննության ընթացքին:

Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը` մի քանի տասնյակ մահերի ելքով, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ կրկին շնորհիվ պատվաստումների հաջող գործընթացի:

Աշխարհում ներկայում կապույտ հազի բռնկումներ և  դիֆթերիայի վերադարձ կա՝ երեխաների մահվան դեպքերով: Մինչդեռ Հայաստանում դիֆթերիայի դեպքեր չկան դեռ 2000 թվականից, իսկ կապույտ հազի առումով կա միայն աշխուժացում` հենց չպատվաստված երեխաների շրջանում: Այս տարի կապույտ հազի հետևանքով 2 ամսական երեխայի մահն էլ էր չպատվաստման հետևանք:

«Մանկական մահացությամբ մտահոգված» մեր գործընկերները, խեղաթյուրելով փաստերը, վտանգում են տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով ամեն երեխայի առողջությանն ու երկրի ազգային անվտանգությանը: Իսկ որ համաճարակային վիճակը մեզ մոտ կայուն է` մեծապես կարևորելով շեշտում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հայաստան ներկրվում է  միայն ԱՀԿ նախաորակավորում ստացած պատվաստանյութեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, ինչը որակի ամենակարևոր երաշխիքն է:

Նախարարությունը, թանկ գնահատելով ամեն երեխայի առողջությունը, հորդորում է չտրվել անհեթեթ, սադրիչ հայտարարություններին եւ նկատի առնել` պատվաստումները կյանք են փրկում, իսկ դրա գործընթացի պատշաճ իրականացումն ամենօրյա ուշադրության առանցքում է»:

https://lurer.com/?news_line&l=am

Be the first to comment on "«Սուր անկյուն»-ն աղավաղում է թե նախարարի խոսքը, թե վիճակագրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ