Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են Մարտի 1-ի գործով վկայություն տալ. Արամ Մանուկյան

ԱԺ-ում լրագրողներին  ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով:

«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն և նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանը ասաց, որ  իրենք 10 տարում հավաքել են այն բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին:

«10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռևս «Մարտի 1-ի» տասնամյակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված և իրագործված լինելը»,- նշեց Արամ Մանուկյանը:

https://www.iravunk.com/news/64419

Be the first to comment on "Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են Մարտի 1-ի գործով վկայություն տալ. Արամ Մանուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*