Քոչարյանի ցուցակը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրել է Ազգային ժողովի 45 պատգամավոր: Ստորագրողների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են: Ստորագրողներ կան նաեւ ՀՅԴ խմբակցությունից:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համարում են, որ Քոչարյանի կալանավորումը սելեկտիվ արդարադատության դրսեւորում է, քաղաքական հաշվեհարդարի տարրերով: Այս երկու կուսակցություններն արժանացել են հանրային սուր քննադատության ու պախարակման:

Նույնը վերաբերվում է նաեւ Քոչարյանի փաստաբաններին: Եվ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս Քոչարյանի կալանավորման դեմ:

Հանրային այս վերաբերմունքը հասկանալի է: Միեւնույն ժամանակ, դա բարդացնում է նոր կառավարության, իրավապահների խնդիրը՝ գործընթացը զուտ իրավական հունում պահելու եւ մարտի 1-ը լիարժեք բացահայտելու առումով: Բանն այն է, որ այստեղ կա երկու խնդիր՝ զուտ մարտի 1-ի գործը եւ Սահմանադրական կարգի խնդիրը: Այսինքն, մարտի 1-ի լիարժեք բացահայտումը պետք է կատարի համակարգային դեր՝ Հայաստանում իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների արմատավորման անշրջելիությունը:

Այս առումով, հասկանալի է քաղաքական հիմնական «շահագրգիռ» ուժերի մոտիվացիան: Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն ուղիղ առնչվում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կոալիցիոն իշխանությանը, դրա լիգիտիմությանը եւ առնվազն քաղաքական պատասխանատվությանը:

Իր հերթին, հասկանալի է ՀԱԿ-ի անթաքույց հրճվանքը: Տեր-Պետրոսյանի քաղաքական խումբն այսպիսով հնարավորություն ունի «ապացուցել», որ 2008-ին իրենց զրկել են իշխանությունից, ինչպես նաեւ որոշակիորեն «մաքրվել» քաղաքական պատասխանատվությունից:

Բանն այն է, որ ՀԱԿ-ն ունի խնդիր՝ կապված 1995 թ. խորհրդարանական եւ հատկապես 1996 թ. նախագահական ընտրությունների հետ: Այդ ժամանակ դրվեց Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման, մասնավորապես իշխանության յուրացման «ավանդույթը», բանակը միջամտեց ներքաղաքական գործընթացներին, մտցվեց արտակարգ դրություն, բռնություններ կիրառվեցին ընդդիմության հանդեպ:

Իհարկե, մարտի 1-2-ի իրադարձությունների մասշտաբն այլ էր, սակայն հիմքում գործ ունենք նույն երեւույթի հետ: Այս առումով, կարեւոր նշանակություն ունի առնվազն քաղաքական հիմնարար գնահատականը Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման երեւույթին, հետագայում դա բացառելու համար:

Իսկ մինչ այդ, Քոչարյանի «ցուցակը», անկախ մոտիվացիայից, ներկայում ճակատագրի հեգնանքով դարձել է մարտի 1-ի քրեական գործի իրավականության «ժամապահը»:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

 

Be the first to comment on "Քոչարյանի ցուցակը"

Leave a comment

Your email address will not be published.


*