Ահազանգ. «Մտադիր են 4-ամյա հայ երեխային «բռնի ուժով» կտրել իր հայ ծնողից ու հանձնել ադրբեջանցի խորթ հորը»

Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ արդարադատության նախարարությունը մտադիր է 4-ամյա հայ երեխային՝ Գեւորգ Բաբախանյանին «բռնի ուժով» կտրել իր հայ ծնողից ու հանձնել ադրբեջանցի խորթ հորը:

Մեզ հետ զրույցում երեխայի հարազատ հոր՝ Ռոբերտ Բաբախանյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանը (լուսանկարում) պատմեց, թե ինչպես է նախարարությունն այդ տարօրինակ որոշմանը հանգել. «Երկու տարի առաջ երեխայի հայրը՝ Ռոբերտ Բաբախանյանը, իր այդ ժամանակ երկամյա որդուն օրինական ճանապարհով ՌԴ-ից տեղափոխում է ՀՀ: Տեղափոխումից 8 ամիս անց մայրը՝ Քսենիա (Դրյուկովա) Բաբախանյանը, դիմում է ՌԴ դատարան, որպեսզի երեխայի բնակության վայր սահմանվի մոր բնակության վայրը եւ հայցը բավարարվում է: Բայց այդ ժամանակ արդեն երեխան գտնվում է ՀՀ-ում: Դրանից հետո մայրը դիմում է ՌԴ կենտրոնական մարմնի միջոցով մեր արդարադատության նախարարություն, որ երեխային վերադարձնեն ՌԴ, քանի որ, ըստ իրենց, տեղի է ունեցել երեխայի առեւանգում»:

Փաստաբանի խոսքով՝ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում երեխայի առեւանգում կամ ապօրինի տեղափոխում տեղի չի ունեցել, քանի որ միայն վերադարձից հետո է կայացվել դատարանի վճիռը. «Մեր արդարադատության նախարարությունն իր բոլոր ուժերով, միջոցներով ձեռնամուխ է լինում երեխայի վերադարձին: Ի՞նչն է հանդիսացել երեխայի վերադարձի պատճառը: Այդ ընթացքում մայրը նշանվում է ազգությամբ ադրբեջանցի Համիդ Վալիեւի հետ: Մեր արդարադատության նախարարությունը ցանկանում է վերադարձնել երեխային իր մորը, որը ապրում է, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում եւ մշտական բնակության վայրի մեջ է գտնվում ադրբեջանցու հետ: Արդարադատության նախարարութան ՔԿԱԳ գործակալությունում տեղի ունեցան լսումներ, մենք բացատրեցինք, որ դուք իրավասու չեք այս հարցը լուծելու, առավել եւս՝ երեխային վերադարձնելու, քանի որ դուք իրավասու եք զբաղվել այս հարցով, եթե տեղի ունենար երեխայի ապօրինի տեղափոխում կամ առեւանգում: Դա տեղի չի ունեցել, դատարանի վճիռը հաջորդել է դրան: Ոչինչ չեն ուզում լսել: Քանի որ մեր հայցող պետությունը ՌԴ-ն է եւ առկա է դատարանի վճիռ, իրենք գտնում են, որ միանշանակ երեխան պետք է վերադարձվի: Մենք բացատրում ենք, որ Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն, անգամ եթե ընդունելու լինենք, որ տեղի է ունեցել երեխայի ապօրինի տեղափոխում կամ առեւանգում, անգամ եթե տեղափոխելուց անցել է մեկ տարի ժամանակ եւ երեխան ամբողջությամբ համակերպվել է իր նոր միջավայրին, երեխան չի վերադարձվում հայցող պետությանը, քանի որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ երեխայի հոգեբանության վրա»:

http://edit.am/category/1

Be the first to comment on "Ահազանգ. «Մտադիր են 4-ամյա հայ երեխային «բռնի ուժով» կտրել իր հայ ծնողից ու հանձնել ադրբեջանցի խորթ հորը»"

Leave a comment

Your email address will not be published.


*