Ոչ պատահական ջերմագին ժեստեր Բաքվից ու Անկարայից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում երեկ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը»,- ասել է Բալայանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: Մինչ միջնորդները փորձում են Մնացականյան-Մամեդյարով երկրորդ պաշտոնական հանդիպումը կազմակերպել՝ ուշագրավ հայտարարություններ են հնչում Բաքվից ու Անկարայից՝ Զոհրաբ Մնացականյանի վերաբերյալ:

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է, քան Էդվարդ Նալբանդյանը, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մամեդյարովը նշել է, որ վերջերս ինքը հանդիպում է ունեցել Մնացականյանի հետ, որի ընթացքում իրենք ծանոթացել են միմյանց հետ: Հարցին, թե որն է Նալբանդյանի և Մնացականյանի տարբերությունը՝ Մամեդյարովը պատասխանել է, որ նորանշանակ նախարարն ավելի պրոֆեսիոնալ է:

Բացի այդ մեկ այլ ուշագրավ գնահատական է հնչել պաշտոնական Անկարայից: Օրերս պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրյուսելում ունեցած կարճ զրույցի դրվագը:

«Ես ՀՀ ԱԳ այժմյան նախարար Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ ԵԽԽՎ-ում աշխատանքի ժամանակներից, երբ նա գլխավորում էր հայկական պատվիրակությունը, իսկ ես՝ թուրքական: Մենք հանդիպեցինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, նա բարևեց, ես էլ շնորհավորեցի նրան՝ ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ իր ողջույնն ու շնորհավորանքը չի նշանակում որևէ հարցում փոփոխություն ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մեջ: Այդ հարցում Թուրքիան, ըստ ԱԳ նախարարի, շարունակում է անվերապահորեն աջակցել Ադրբեջանին:

Իհարկե, ողջույնները ամենևին էլ չեն նշանակում դիրքորոշման փոփոխություն, այն էլ Անկարայի դեպքում: Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցրեց, որ իրենք մնում են նույն դիրքորոշմանը, այն է՝ ղարաբաղյան խնդրում աջակցել ադրբեջանական կողմին:

Բայց հետաքրքրական է, որ Հայաստանի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարները, երբ հանդիպել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Մեվլութ Չավուշօղլուն շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին, վերջինս էլ նրան ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանի հետ:

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, կարելի է ասել, «ստուգողական», բայց «սիմվոլիկ» ժեստերի ականատես ենք: Դրանք վստահաբար պատահական ժեստեր չեն: Բաքուն ու Անկարան Հայաստանի իշխանություններին հասկացնում են, թե պատրաստ են նրանց հետ «կառուցողական» աշխատանքի:

Միայն թե Բաքվի ու Անկարայի ակնկալիքները գին էլ ունեն: Ու բոլորի համար պարզ է, որ Բաքվի ու Անկարայի ժպիտների ու ողջույնների տակ ինչ է թաքնված՝ դա ԼՂ խնդրի կարգավորման հարցում ադրբեջանանպաստ լուծման ակնկալիքն է:

Մետաքսյա Շալունց

Ոչ պատահական ջերմագին ժեստեր Բաքվից ու Անկարայից

Be the first to comment on "Ոչ պատահական ջերմագին ժեստեր Բաքվից ու Անկարայից"

Leave a comment

Your email address will not be published.


*