Անմարդկային վերաբերմունք չի եղել, Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը՝ հոր՝ պատվավոր քաղաքացու կոչումից զրկման և զարգացող իրադարձությունների մասին

Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի համար Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու լուրը շատ ծանր է եղել։ Այս մասին PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց հենց Նաիրա Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ, այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իր գործն է կատարում։ «Չեմ ուզում ոչ ոքի քննադատել կամ ինչ որ բաներ ասել, քանի որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա և կպարզվի՝ ով է ճիշտ կամ սխալ։ Դիաննա Գասպարյանի մասով ևս բան պետք չէ ասել, ամեն մարդ իր գործով է զբաղվում»,-ասում է Մանվել Գրիգորյանի դուստրը։ Նաիրա Գրիգորյանն, անդրադառնալով Արցախի Պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե իրականում Աստրախանի համայնքը հենց ԵԿՄ-ին է փոխանցել ավտոտնակում կանգնեցրած զինվորական մեքենաները, ասաց, որ նախաքննության ավարտին այս ամենը ևս կբացահայտվի։ Իսկ ինչ վերաբերում է մամուլում տարածված այն լուրերին, թե Գրիգորյաններն արտագաղթել են, Նաիրա Գրիգորյանը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ թե՛ Նազիկ Ամիրյանը, թե Գրիգորյանի ընտանիքի մյուս անդամներն Էջմիածնում են և չեն էլ գնացել Էջմիածնից։ Ավելին, մեր զրուցակցի խոսքով, նրանք նաև տեսակցում են Մանվել Գրիգորյանին, քանի որ վերջինիս առողջական վիճակն է ծանր։ «Ես էլ, մյուսներն էլ տեսակցել ենք հորս, և ոչ մի անմարդկային վերաբերմունք չի եղել իրավապահ մարմինների կողմից, ճիշտ է նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց թույլատրում են նաև, որ բժիշկները գան իր մոտ և համապատասխան բուժօգնություն ցույց տան»,-եզրափակեց Մանվել Գրիգորյանի դատավոր դուստր Նաիրա Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնի ավագանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ միաձայն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից։

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=3956&l=am

Be the first to comment on "Անմարդկային վերաբերմունք չի եղել, Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը՝ հոր՝ պատվավոր քաղաքացու կոչումից զրկման և զարգացող իրադարձությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*