Սվիտալսկին կանաչ լույս է վառում Նիկոլի համար

Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին այն դիվանագետներից է, ով երբեք կուլ չի գնացել դիվանագիտական արարողակարգային կանոններին, եւ եղած խնդիրների, հատկապես կոռուպցիայի մասին բարձրաձայնել է անվարան, նույնիսկ եթե նախորդ իշխանությունների կողմից նրան մատնացույց է արվել, որ իրավասություն չունի Հայաստանի ներքին գործերին միջամտելու։
«Ազատությանը» տված հարցազրույցում դեսպան Սվիտալսկին հայտնել է, որ այլեւս ավելի քիչ է խոսելու կոռուպցիայի մասին, քանի որ երկրում տեսնում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսեւորումներ, ինչը, ըստ նրա, լուրջ փաստարկ է, որպեսզի այսուհետ դադարի բարձրաձայնել այս խնդիրը եւ ջանքերը կենտրոնացնի այլ կարեւոր ուղղություններով:
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին, Սվիտալսկին նշել է. «Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է, որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է իր առաջնահերթություններից մեկը: Եվ այս մեսիջը, որ Հայաստանի իշխանությունները ամենայն լրջությամբ են մոտենում կոռուպցիայի դեմ պայքարին, հստակորեն հնչեց նաեւ Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսելում ունեցած այլ հանդիպումների ընթացքում:Եվ մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ դրա բոլոր դրսեւորումներով, եւ որ պակաս կարեւոր չէ՝ նոր կառավարությունը ցանկանում է դա իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ գործող օրենսդրության շրջանակներում եւ լիակատար թափանցիկության պայմաններում»:
Ի դեպ, դեսպան Սվիտալսկու հետ թերեւս կարող է մրցել Հայաստանում կոռուպցիայի խնդիրների մասին իր բարձրաձայնումներով նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով նույնիսկ մեկ անգամ բաց տեքստով հայտարարեց, որ ներդրողները չունեն ապահովություն թե Հայաստանում նախկին իշխանությունների օրոք ներդրում կատարելուց իրենց գումարները ինչ ճակատագրի կարժանանան։ Ի մի բերելով կարող ենք ասել, որ Սվիտալսկու հայտարարությունները, որոնք արվել են այսօր, առնվազն կանաչ լույս են նոր իշխանությունների համար, հատկապես ՆԱՏՕ-ի՝ հուլիսին տեղի ունենալիք գագաթնաժողովից առաջ, շարունակելու ավելի մեծ վճռականությամբ եւ նաեւ հավաստիացումը, որ ԵՄ-ն կանգնած է Երեւանի կողքին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։
Սամվել Մելիքյան

Be the first to comment on "Սվիտալսկին կանաչ լույս է վառում Նիկոլի համար"

Leave a comment

Your email address will not be published.


*