Ինչպես ազատվել Տարոն Մարգարյանից. իրավական ընթացակարգեր

Մի քանի օր է՝ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին: Եւ այսքան ժամանակ ոչ միայն այդ լուրերը չեն հերքվել, այլեւ այսօրվա ավագանու նիստին քաղաքապետի բացակայությունը ցույց տվեց, որ առանց կրակ ծուխ չի լինում: Անգամ հնարավոր թեկնածուների անուններ են շրջանառվում, ըստ այդմ՝ Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում հնարավոր է փոխարինի կամ Կամո Արեյանը, կամ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը:

Ի՞նչ իրավական ընթացակարգեր կան այս առումով: Եթե Տարոն Մարգարյանը, իսկապես, հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնի, ապա քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ավագանու նիստում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որին թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկին՝ ավագանու օրակարգում ներառել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ ավագանին ցրելու հարցը, ապա դրա համար անհրաժեշտ է, որ ավագանու անդամների 1/3-ի նախաձեռնությամբ նախապատրաստվի որոշման նախագիծ, որը եռօրյա ժամկետում պետք է դրվի քվեարկության: Ինչ վերաբերում է ավագանին ցրելու հարցին, ապա ավագանու կանոնակարգ եւ ՏԻՄ օրենքի դրույթների համապատասխան՝ կան ավագանու նիստի օրակարգի ձեւավորման ընթացակարգ, հետեւաբար՝ որեւէ առաջարկ պետք է արվեր նախքան այս նիստը՝ օրակարգի ձեւավորման սահմանված ժամկետում:

Նշենք, որ Երեւանի ավագանու հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին:

Be the first to comment on "Ինչպես ազատվել Տարոն Մարգարյանից. իրավական ընթացակարգեր"

Leave a comment

Your email address will not be published.


*