«ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»

Կառավարության ծրագրի երեկվա քննարկումն աչքի ընկավ նրանով, որ մի շարք պատգամավորներ լրջորեն քննադատեցին փաստաթղթում թվերի բացակայությունը, առանց որոնց հնարավոր չէ հետագայում ասել՝ կառավարությունը կարողացա՞վ իր ծրագիրն իրականացնել: Պատգամավորների մի մասն էլ, ովքեր նախկին կառավարությունների օրոք սիրում էին խոսել թվերից, հիմա իրենք էին ամեն կերպ համոզում, թե՝ թիվն ի՞նչ են անում, կարեւորը կոռուպցիայի դեմ պայքարն է:

Թե որտեղ է թվերի բացակայությունը կոռուպցիայի դեմ պայքարով բացատրելու տրամաբանությունը, այդպես էլ գլուխ չհանեցինք: Լավ, եթե նոր կառավարությունը ցանկանում է վերացնել բոլոր հայտնի խայտառակ երեւույթները, ապա չէ՞ որ դրա արդյունքում պետք է ակնկալի տնտեսական մի նոր իրողության: Թռիչքային, թե` ոչ, դա չէ խնդիրը: Պարզապես, ի՞նչ իրողության է ուզում հասնել կառավարությունը, հենց դա է, որ թվերով պետք է չափել. տնտեսագիտական գնահատման այլ համակարգ պարզապես գոյություն չունի: Բայց ի՞նչ ասես, երբ ԱԺ որոշ տնտեսագետ պատգամավորներ էին փորձում համոզել, թե թիվը կարեւոր չէ: «Նախորդ կառավարությունները թվեր էին ներկայացնում, եւ ի՞նչ եղավ»,- ահա հիմնական տրամաբանությունը, որ փորձում էին դնել իրենց խոսքի հիմքում: Բայց ի՞նչ կապ ունի նախորդ կառավարությունների ու նրանց բազում սխալների հետ այս նոր կառավարության տնտեսական ծրագիրը: Ի վերջո, ոչ գոհացուցիչ իրողությունների պատճառով է, որ ողջ երկիրը ոտքի ելավ, ու իշխանափոխություն տեղի ունեցավ: Դրանից հետո, եթե նոր կառավարություն է եկել, դա չի նշանակում, որ ծրագրերը պետք է թվեր չունենան, տնտեսագիտությունը ոտից գլուխ կարող է շրջվել: Ինչեւէ, ծրագրում կոնկրետ ցուցանիշների բացակայության մասին մեզ հետ զրույցում տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ նկատեց.

— Այո, դիտավորյալ թվեր չգրելու հոգեբանություն կա կառավարության ծրագրում` ավելորդ քննադատություններ, ավելորդ անվստահություններ չառաջացնելու համար: Կառավարության ծրագիրը նախորդ ծրագրերից տարբերվում է հենց նրանով, որ առաջնահերթությունը դրվել է ոչ թե տնտեսական ցուցանիշների, այլ՝ մարդու իրավունքի, արդարության մթնոլորտի ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի վրա, որոնց շնորհիվ տեղի կունենա բարելավումներ նաեւ բյուջեի շրջանակում:  Բյուջեն ձեռք կբերի լրացուցիչ ռեսուրսներ, որոնք հետո կառավարությունը կուղղորդի սոցիալ-տնտեսական նպատակներին: Հետեւաբար, այդ մասով անհանգստանալու բան չկա: Երկրորդ պատճառն այն է, որ տնտեսական ցուցանիշներ չեն դրվել ծրագրում, որովհետեւ կառավարությունը ժամանակավոր է: Երրորդը, ցուցանիշները գրելու համար, այո, չեմ խորշի բարձրաձայնել, ավելի խորը պետք է մտնեին ամեն մի ոլորտի մեջ: Իսկ իրենց թիմը շատ կարճ ժամանակ ուներ, եւ եթե ուզենար թվեր գրել, պետք է ավելի խորքային ուսումնասիրեին վիճակագրական տվյալները, ոլորտների դինամիկան եւ այլն: Հետո հաշվի առեք, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր ազնիվ են, մոտիվացված, բայց միեւնույն ժամանակ՝ տվյալ ապարատում աշխատելու փորձ չունեն, եւ բնական է, որ տաս օրում չէին հասցնի խորությամբ ուսումնասիրել:

Բայց եթե թվեր չկան, հետագայում ինչ արդյունք էլ լինի, կասեն, որ ծրագիրը 100 տոկոսով իրագործված է: Ի վերջո, չի՞ ստացվում, որ կառավարությունը այդ կերպ խուսափում է պատասխանատվությունից:

— Իհարկե, կարելի է ենթադրել, որ քանի որ չկան ցուցանիշներ, իրենք հետագայում իրենց աշխատանքը քննադատելու հնարավորություն չեն տալիս հանրությանը: Բայց հիմա դա չպետք է խանգարի, որպեսզի գնահատենք իրենց կատարած փոփոխությունները: Դիտավորյալ թվեր չբերելու հոգեբանությունը, նորից եմ կրկնում, այո՝ կա: Բայց դա զուտ քաղաքական-դիվանագիտական ¥բայց չէ՞ որ կառավարության ծրագիր ասվածն առաջին հերթին կոնկրետ տնտեսական փաստաթուղթ է, ոչ թե՝ քաղաքական կամ դիվանագիտական- Հեղ.¤ առումով ճիշտ եմ համարում: Իրենք հասկանում են, որ թվեր գրել այս կարճ ժամանակահատվածում չէին կարող կամ էլ պետք է գրեին արագ ու առանց խորությամբ ուսումնասիրելու: Բայց որպեսզի հետագայում հենց իրենց գրած հապճեպ թվերը իրենց վրա, այսպես ասած, թոկ չդառնա, չեն գրել: Վերջին հաշվով կարեւորը արդյունքներն են, ոչ թե թղթի վրա գրված թվերը ¥իսկ ո՞ր արդյունքն է կարեւոր: Օրինակ, 1 տոկոս տնտեսական աճը արդյունք չէ՞, թեեւ՝ անբավարար: Ուրեմն՝ քանի՞ տոկոս աճ է պետք, որ համարենք բավարար արդյունք, ո՞րն է այս հարցում կառավարության տեսլականը, հենց դա է, որ անհասկանալի է- Հեղ.¤:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Be the first to comment on "«ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»"

Leave a comment

Your email address will not be published.


*