Նիկոլ Փաշինյանի կոշտ հիշեցումները. ինչ է կատարվել

Հայաստանի խորհրդարանը 62 կողմ ու 39 դեմ ձայնով հաստատեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որի խորհրդարանական քննարկմանը ՀՀԿ այսպես ասած քաղաքական թեւը ստանձնել էր ընդդիմախոսի դերը:

Եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ էր եւ զգայական, ինչը շատերին առիթ է տվել նաեւ հիշելու ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը կառավարության ծրագրի քննարկումից առաջ հայտարարեց, թե թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությունն ունի հասարակության վստահությունը եւ պարտք չէ որեւէ քաղաքական ուժի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ կառավարությունը ժողովրդի հաղթանակի կառավարությունն է եւ որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է խլել այդ հաղթանակը: Նրա խոսքով, ինչպես իր վարչապետության հարցում, այնպես էլ ծրագրի հարցում խորհրդարանը քվեարկելու է կողմ՝ ուզի, թե ոչ, որովհետեւ գործ ունի ժողովրդական հեղափոխության հաղթանակի հետ:
Ընդ որում, այստեղ նկատելի է, որ տողատակում Փաշինյանը ակնարկում էր նաեւ համաձայնության կառավարությանը միացած Ծառուկյան դաշինքին ու ՀՅԴ-ին, որոնք իհարկե կառավարության ծրագրի քննարկմանն աջակցել են Նիկոլ Փաշինյանին, սակայն հեռանկարի եւ սպասվող արտահերթ ընտրության տրամաբանության առումով էլ արդեն իսկ կկուտակեն Փաշինյանի նկատմամբ մրցակցային տրամադրություն:
Նիկոլ Փաշինյանի կոշտ հիշեցումները թերեւս առանցքայինն էին կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկման ընթացքում, քանի որ ինքնին հասկանալի էր՝ ծրագիրը որպես այդպիսին, ստեղծված իրավիճակում ավելի շատ պայմանականություն էր: Նիկոլ Փաշինյանի հիշեցումը խորքային առումով թերեւս այդ մասին էր, որ բուն թելադրողը թավշյա հեղափոխությունն է իր առաջին փուլի հաղթանակով եւ օրակարգով, ըստ այդմ պետք չէ մոռանալ այդ մասին՝ ներկայիս քաղաքական իրողությունները գնահատելիս եւ եզրակացություն անելիս:
Բանն այն է, որ կառավարության ձեւավորումից հետո Հայաստանում իրավիճակի վերաբերյալ մոտեցումներում, գնահատականներում եւ եզրակացություններում սկսեց գերիշխել «դասական ելակետը», այն տողատակով, որ իրավիճակը այլեւս վերադարձել է քաղաքական սովորական հուն, դրանից բխող տրամաբանությամբ:
Թերեւս դրանով էր պայմանավորված, որ կառավարության ծրագրի քննարկման հատկապես եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը զգացել է թավշյա հեղափոխության մասին հիշեցնելու կոշտ անհրաժեշտություն, մի կողմից ցույց տալով ինքնավստահություն քաղաքական մյուս ուժերի եւ «հակահեղափոխության» վտանգների մասին ազդարարող տարաբնույթ աղբյուրների ֆոնին, մյուս կողմից փորձելով պահել հանրային տրամադրություններն ու հոգեբանությունը ապրիլ-մայիսյան տոնուսի մեջ:
Այդ ամենով հանդերձ, հստակ է նաեւ, որ թավշյա հեղափոխության մասին հիշեցումով եւ բոլոր քաղաքական ուժերի հանդեպ դրա վերադասությունն արձանագրելով, Նիկոլ Փաշինյանն անշուշտ կամա, թե ակամա ընդգծեց նաեւ իր հանդեպ այդ իրողության վերադասությունը, քանի որ Հայաստանի նոր կառավարության, նոր իշխանության ուժն առաջին հերթին կարող է լինել հենց թավշյա հեղափոխության կամ պարզապես Հայաստանի քաղաքացիների վերադասությունն իր նկատմամբ:

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի կոշտ հիշեցումները. ինչ է կատարվել"

Leave a comment

Your email address will not be published.


*