«Ցեղասպանության մասին խոսողներին կոչ եմ անում․ եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բացել է «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ առկա բոլոր ռազմական արխիվները, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը։

Էրդողանը կրկին պնդել է, թե Թուրքիան «ցեղասպանական անցյալ չունի»։

«Թուրքիայի պատմության մեջ հայերի հանդեպ ցեղասպանություն չի եղել։ Այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանության մասին մեղադրանքներ առաջադրողներին մշտապես կոչ եմ արել․ եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները, եթե դուք էլ ունեք՝ դուք էլ բացեք ձերը», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ էր հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին։

Իր ուղերձում նա Հայոց ցեղասպանության զոհերին անվանել էր «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայեր»։

«Մեր հայ քաղաքացիների՝ պատմության ընթացքում ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի ու բարոյականության պահանջն է», -ասված էր Էրդողանի հայտարարության մեջ:

Be the first to comment on "«Ցեղասպանության մասին խոսողներին կոչ եմ անում․ եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները»․ Էրդողան"

Leave a comment

Your email address will not be published.


*