«Շատ խելոք երեխա էր, հանգիստ բնավորությամբ». դպրոցի տնօրենը՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին

Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Լեւոն Թորոսյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել մայիսի 7-ին, հարազատ գյուղում՝ Բամբակաշատում:

NEWS.am-ի հետ զրույցում համայնքի դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը նշեց, որ Լեւոնն իրենց սանն է եղել, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ՝ 2017թ.-ի ամռանը:

«Լեւոնը շատ խելոք երեխա էր, հանգիստ բնավորությամբ, երբեւէ վատ վարքով աչքի չի ընկել, դպրոցի կարգ ու կանոնին ենթարկվող է եղել: Ոչ մի բացասական բան այդ երեխայի հետ կապված մենք չենք հիշում: Մենք էլ շատ մտահոգ ենք, ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նա հայտնեց, որ այս պահին դեպքի վերաբերյալ որեւէ մանրամասն հայտնի չէ: Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 8-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ.-ի մայիսի 6-ին ժամը 07.30-ի սահմաններում հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեւոն Թորոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Be the first to comment on "«Շատ խելոք երեխա էր, հանգիստ բնավորությամբ». դպրոցի տնօրենը՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*