Հայտնի են Չելյաբինսկի լճում 7 հայի կյանք խլած ողբերգության մանրամասները

ՌԴ Չելյաբինսկի մարզում այսօր ավարտվել են Մաքսիմկա լճում մահացած վերջին անձի որոնումները, գրում է 1obl.ru կայքը: Փրկարարները հայտնաբերել են կիրակի լճում խեղդված յոթերորդ հայի մարմինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ջրից դուրս են բերվել երկու տղամարդու, ինչպես նաև տասը տարեկան աղջկա և երկու տարեկան տղայի մարմինները: Ավելի ուշ հայտնաբերվել են 8 ու 15 տարեկան երկու տղաների մարմինները:
Կայքը գրում է, որ հուլիսի 2-ի երեկոյան այնտեղ հանգստի մեկնած երեք հայ ընտանիք զրկվել է տղամարդկանցից և երեխաներից: Կանանցից մեկը զրկվել է և՛ ամուսնուց, և՛ երկու որդիներից՝ 2-ամյա Արսենից և 15-ամյա Արտյոմից: Նրա ամուսինն ափից նետվել է օգնության և չի կարողացել օգնել: Մտերիմների խոսքերով՝ ընտանիքը վաղուց արդեն պատրաստվում էր Չեսմայից տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս, նրանք այնտեղ տուն էին կառուցել:
«Հուղարկավորությունը տեղի կունենա Կրասնոդարում: Նա այնտեղ տուն էր կառուցել, ցանկանում էին հեռանալ: Կինը կմեկնի, չի ցանկանում այստեղ ապրել: Ասում է, որ նա չի մնա այստեղ ոչ մի րոպե: Կրասնոդարի երկրամաս, Արմավիրի մոտ գտնվող քաղաք… Տունը նա վաղուց վաճառքի էր հանել: Ցանկանում էր վաճառել, հեռանալ»,- պատմել է ընտանիքի բարեկամ Մամիկոն Օսիպյանը:
Նշվում է, որ կինն այժմ շոկային վիճակում է, չի կարողանում խոսել: Դեպքի ժամանակ նա փոքր որդուն բռնած լողալով ափ է հասել, բայց ափին որդին արդեն չէր շնչում:
Հաղորդվում է, որ նավի շրջվելու պատճառը եղել է գերբեռնվածությունը, բացի այդ, իրավիճակը վատթարացրել է փրկարարական բաճկոնների բացակայությունը:
Հայտնի է դարձել նաև, որ ընտանիքի անդամները տոնում էին մահացածներից մեկի դստեր դպրոցական ավարտական օրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են մահացել, այդ թվում՝ փոքր երեխաներ: Դժբախտ պատահարը 7 կյանք է խլել: Տղամարդկանցից մեկն իր և երկու եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա լճում, երբ նավակը հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են ջրում, օգնություն են կանչել։ Ափին կանգնած մյուս եղբայրներն անմիջապես նետվել են ջուրը, սակայն նույնպես խեղդվել են: Մահացել է երեք տղամարդ և չորս երեխա:
Նավակում գտնվող ինը հոգուց չորսին է հաջողվել փրկվել։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար: Մահացած քաղաքացիներից ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, փրկարարական բաճկոններ չեն կրել:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով: Չելյաբինսկի նահանգապետը հայտնել է մահացածների ընտանիքներին նյութական օգնություն տրամադրելու մասին:

 

Նավում եղել են՝

1.      Նառա Գևորգի Դ., փրկվել է,

2.      Ստելա Գևորգի Գ., փրկվել է,

3.      Լյովա Արմանի Դ., փրկվել է,

4.      Անգելինա Արթուրի Ն., 2001 թվականի ծնված, փրկվել է,

5.      Արման Արմենակի Դ., 1979 թվականի ծնված, զոհվել է,

6.      Արսեն Արթուրի Ն., 2015 թվականի ծնված, զոհվել է,

7.      Դավիթ Արմանի Դ., 2009 թվականի ծնված, զոհվել է,

8.      Արտյոմ Արթուրի Ն., 2002 թվականի ծնված, զոհվել է,

9.      Էլեն Արենի Դ., 2007 թվականի ծնված, զոհվել է։

 

Ափից օգնության են նետվել՝

10.    Արեն Արմենակի Դ., 1981 թվականի ծնված, զոհվել է,

11.    Արթուր Ռոբերտի Ն., 1972 թվականի ծնված, զոհվել է։

Be the first to comment on "Հայտնի են Չելյաբինսկի լճում 7 հայի կյանք խլած ողբերգության մանրամասները"

Leave a comment

Your email address will not be published.


*