Լեյկոզով հիվանդ ցուցարարը սրունքի վնասվածք է ստացել. Արեն Բաբլումյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր այսօր՝ ապրիլի 16-ին, բողոքի ակցիաների ժամանակ տուժած 8 մարդ է տեղափոխվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը։

Նրա խոսքով՝ առաջին վիրավորը երիտասարդ է եղել եւ հիվանդանոց է տեղափոխվել ժամը 11.30–ին՝ ծնոտի փափուկ հյուսվածքների վնասվածքով։ Նրան օգնություն է ցուցաբերվել, որից հետո դուրս է գրվել։

«Մոտ ժամը 15.30–ին հիվանդանոց են տեղափոխվել 7 մարդ՝ մեկ կին եւ 6 տղամարդ։ Բոլոր նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Վեցին ցուցաբերվել է առաջին օգնություն՝ վերքերի առաջնային մշակում է իրականացվել։ Տուժածներից մեկին կվիրահատեն՝ նա սրունքի կոտրվածք ունի եւ նախնական տվյալներով՝ տառապում է լեյկոզով։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը գնահատվում է կայուն»,–ասել է նա։

Արեն Բաբլումյանի խոսքով՝  տուժածների մոտ ստորին վերջույթների վնասվածքներ են, կան նաեւ վնասվածքներ կրծքավանդակի շրջանում։ Սակայն բժիշկները դժվարացել են ասել, թե ինչ միջոցի կիրառման արդյունքում են այդ վնասվածքները նրանք ստացել։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանների ու ցուցարների միջեւ բախում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի միջով։ Նրան հետեւել են մյուս ցուցարարները։ Սրանից հետո ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել։ Բախման հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել մի քանի մարդ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ներկայումս նա դուրս է գրվել եւ գտնվում է Բաղրամյան պողոտայում

Be the first to comment on "Լեյկոզով հիվանդ ցուցարարը սրունքի վնասվածք է ստացել. Արեն Բաբլումյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ