Սերժ Սարգսյանի կրկնակի հարվածը. Ահա եւ վերջ

RA President Serzh Sargsyan holds a regular Government's session

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաեւ վարչապետի հարցն ու եկել եզրահանգման, որ ճիշտը Սերժ Սարգսյանի վարչապետությունն է: «Չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին», հայտարարել է Կարեն Կարապետյանը, հիմնավորելով, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում:Շաբաթներ առաջ առիթ ունեցել էի ենթադրելու, որ եթե վարչապետ է առաջադրվում Սերժ Սարգսյանը, ապա առաջադրելու «նախաձեռնությունը» թերեւս կընձեռվի Կարեն Կարապետյանին, նրա «դեմքն առավելագույնս պահելու» համար:Փաստացի ընտրվել է հենց այդ տարբերակը, եւ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ներառելով վարչապետի հարցում որոշում կայացնելու «առաջին շրջանակ», փորձել է հնարավորինս մեղմել վարչապետի պաշտոնից առաջին փոխվարչապետի պաշտոնի նշանակվելու հանգամանքը:Հետաքրքիր է, արդյոք Սերժ Սարգսյանը 2016 թվականի սեպտեմբերին առաջարկելով Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնը, հենց այդպես էր պայմանավորվել նրա հետ, որ 2018-ի ապրիլին Կարեն Կարապետյանը կասի՝ ճիշտը Սերժ Սարգսյանն է: Թե՞ չի եղել որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, եւ հարցը թողել են բաց, այսինքն խոշոր հաշվով ոչ ոք ոչ մեկին պարտք չէ, եւ Կարեն Կարապետյանը դեռեւս 2016-ից էր տեղեկացված ռիսկի մասին: Իհարկե հազիվ թե երբեւէ հստակ իմացվի՝ Կարեն Կարապետյանը խաբվե՞լ է, թե ոչ:Մյուս կողմից, ի՞նչ մարտահրավերների մասին է խոսում Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ի՞նչ վտանգներ կամ սպառնալիքներ է դրել նրա առաջ: Երբ Կարապետյանը հայտարարում էր, թե պատրաստ է լինել 2018-ի ապրիլի վարչապետ, չգիտե՞ր այդ մարտահրավերների եւ սպառնալիքների մասին: Սերժ Սարգսյանը նրան նո՞ր բաներ է հայտնել, թե հին բաները նոր է հայտնել:Հարցերն անշուշտ շատ են, իսկ իրավիճակը այդուհանդերձ հետաքրքիր է: Հանգուցալուծումն իրականում ամենեւին պարզունակ չէ: Խոշոր հաշվով, Կարեն Կարապետյանն իհարկե ստանում է քաղաքական ապտակ, բայց միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանն ու Կարապետյանը քաղաքական ապտակ են հասցնում ԱԺ մեծամասնությանը, որի ներկայացուցիչներն ընդհուպ ապրիլի 9-ին հայտարարում էին, որ վարչապետի հարցում որոշում դեռ չկա, եւ կքննարկեն ու կասեն մի քանի օրից:Պարզվում է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը դեռ երկու օր առաջ են քննարկել ու որոշել, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Սարգսյանը հարվածելով, անհարմար դրության մեջ դնելով Կարապետյանին, այդուհանդերձ նրան էլ օգնում է իր հետ միասին հերթական անգամ անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ին: Դա թերեւս վկայում է, որ «նոր ոգու» շուրջ Կարեն Կարապետյանի հետ քննարկումները մնում են ուժի մեջ, եւ Սերժ Սարգսյանը թույլ չի տալիս, որ ՀՀԿ «հին ոգին» առավելության հասնի Կարեն Կարապետյանի նկատմամբ:Իհարկե դա չի երաշխավորում ոչինչ, եւ գործնականում չի բացառվում, որ, օրինակ մեկ տարի անց էլ Կարեն Կարապետյանը հայտարարի, որ ավելի լիարժեք անցման համար ճիշտ կլինի, որ առաջին փոխվարչապետ լինի ասենք ինչ որ մեկը ՀՀԿ գործկոմից: Եվ այդպես շարունակ, մինչեւ Կարեն Կարապետյանն իջեցվի ընդհուպ ՀՀԿ դռնապանի կարգավիճակի:Հետեւաբար շատ հետաքրքիր է, թե քաղաքականության մեջ որն է Կարեն Կարապետյանի այսպես ասած նահանջի «կարմիր գիծը», կա՞ այդպիսի գիծ, թե՞ Կարապետյանը քաղաքականության մեջ առաջնորդվել եւ առաջնորդվում է «վարձու աշխատողի»՝ տվյալ դեպքում մենեջերի տրամաբանությամբ, եւ եթե օրինակ վաղը ավելի լավ առաջարկ լինի Գազպրոմի համակարգից, նա հետ կվերադառնա Ռուսաստան:

Be the first to comment on "Սերժ Սարգսյանի կրկնակի հարվածը. Ահա եւ վերջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ