ՀՀ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկել են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները:

Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է թեմայի մասին, և նրա կարծիքով՝ խնդրահարույց հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա:

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ դեղերի մասին նոր օրենքի պահանջը երկրում առկա էր ոչ թե միայն 6-7 տարի առաջ, այլ ավելի քան 15 տարի: Նա նշեց, որ նախարարությունը ամենաքիչը երկու անգամ փորձ է կատարել հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգը ուժեղացնել և համակարգել, սակայն ինչ-ինչ խնդիրներ են առաջացել:

«Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, զարգացած և զարգացող երկրների այս տարբերությունները, մենք տեսանք, որ չկա մի երկիր, որն այդպես չանի, չկիրառի այս կարգը: Իհարկե, այդ կարգի ներդրումը կախված է հասարակության պատրաստվածությունից, սակայն նաև հասկանում ենք, որ առանց այս կարգի հնարավոր չէ լուծում տալ բազմաթիվ խնդիրների, որոնք առկա են դեղերի շրջանառության ոլորտում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է նման իրավիճակը, երբ դեղատները ազատ վաճառք էին իրականացնում, ինչը նշանակում էր, որ ցանկացած քաղաքացի սեփական համոզմունքներից, որոշ դեպքերում ծանոթ բժիշկների միջոցով ստանում էին դեղեր, և այլևս հնարավոր չէր վերահսկելի դարձնել, թե, օրինակ, տվյալ դեղամիջոցը ինչ ազդեցություն է թողել մարդու, հիվանդության ընթացքի վրա, և արդյոք այն վնաս չի՞ հասցրել:

Նրա խոսքով՝ այս երևույթը բավականին ծանոթ է եղել տևական ժամանակ, սակայն նախկինում լուծումներն այդքան էլ հստակ չէին: Նա ընդգծեց, որ հարցը հետաձգվեց՝ հաշվի առնելով, որ նման քննարկումներ, նոր առաջարկություններ ևս լինելու են: