Որդուս սպանությունը եղել է պատվիրված եւ խմբակային, որը պարտակում են. 25-ամյա երիտասարդի մայրը անուններ է տալիս

Որդուս սպանության գործի ամբողջ խեղաթյուրումը սկսվել է դատախազությունից. կոնկրետ վերացվել են իրեղեն ապացույցներ, կեղծվել են փաստական հանգամանքներ: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գյումրիում 4 տարի առաջ սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը:

Նրա խոսքով, սպանությունն իրականացվել է խմբի կողմից, այն պատվիրված է, որի վերաբերյալ կան փաստեր, ապացույցներ, ինչն ի սկզբանե թաքցրել են եւ մինչ օրս այդ ամենն իրականացվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

«Քրեական գործում առկա են բազմաթիվ ապօրինություններ, որը դատավորն ուզում է շրջանցել՝ կատարելով դատախազության պատվերը: Վկաների ցուցմունքներում կան հակասություններ, թե ժամը քանիսին է եղել սպանությունը: Անգամ տեսանյութով տեսագրված փաստն է աղավաղված: Վկաների ցուցմունքների հակասության վերաբերյալ արդարության հնարավոր չեղավ հասնել, որովհետեւ դատարանում նրանք արտոնյալ պայմաններում էին:

Որդուս վնասվածքները սրտի եւ թոքի շրջանում հասցվել են տարբեր առարկաներով եւ այս հարցին դատաբժիշկը չի պատասխանել: Դատավորն անգամ աչքով-ունքով փորձում էր ինչ-որ բան ասել դատական բժշկին, ինչն արձանագրվել է տեսախցիկներով:

Դատահետքաբաններ են հրավիրվել, մասնավորապես, «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» փորձագետները խայտառակ եզրակացություն են տվել՝ հագուստների վրայի 8 վնասվածքները համադրել են մարմնական երկու վնասվածքների հետ: Նրանք չեն կարողացել ապացուցել, թե ինչու 8 վնասվածքներից մարմնի վրա եղել է երկու վնասվածք»,-ընդգծեց Ռուզաննա Ադանալյանը:

Նա ընդգծեց, որ դատաքննության ժամանակ դատավորն իրեն մեկ ժամով հեռացրել է դատարանի դահլիճից, սակայն ամեն օր 20 րոպեանոց նիստեր է արել, որ ինքը չկարողանա ներկա լինել, որի պատճառով բազմաթիվ միջնորդություններ մնացել են թղթի վրա, հնարավորություն չի ունեցել ներկայացնել:

«Իրավապահները հիմա փորձում են պարտակել գործը՝մեղադրելով ընդամենը մեկ անձի, ով իսկապես խփել է որդուս, նա մասնակից է, բայց փորձում են մյուսներին զերծ պահել պատասխանատվությունից:  Ես հանցագործության մասին 8 հաղորդում եմ տվել, բոլորն էլ պարտակվել են»,-ասաց Արտյոմի մայրը:

Հարցին, թե իր կարծիքով, ո՞րն է սպանության պատճառը, Ադանալյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ այս սպանությունը պատվիրված է, իսկ պատվիրատուն Շիրակի մարզի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, որի վերաբերյալ տվել եմ հաղորդում: Պատվերն ընդունել է դատախազությունը, ոստիկանությունը, իրականացրել են պետական մակարդակով:

Այո, այդ կնոջ հետ ունեցել եմ թշնամական հարաբերություններ, մինչեւ հիմա էլ թշնամական հարաբերություններ ունենք: Քաղաքացիաիրավական դաշտում ունեցել ենք խնդիրներ: Փողով սպանել են որդուս: Գործում առկա է դատաքիմիական փորձաքննության եզրակացություն, ըստ որի, շտապօգնության աշխատակիցները որդուս ներարկված «ատրոպին» դեղամիջոցի սրվակից հայտնաբերվել է թույն, ու բացահայտ փաստն անտեսում են: Շտապօգնության աշխատակիցները մեկ ժամ նստել են որդուս կողքին, չեն տեղափոխել հիվանդանոց՝ ասելով, որ արդեն մահացած է: Մեկ ժամ հետո նրան Գյումրի ԲԿ են տեղափոխել այլ մարդիկ, որտեղ արդեն ԲԿ-ում հայտնել են, որ որդիս ճանապարհին է մահացել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ դատախազության շենքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուզաննա Ադանալյանի։

Շուրջ 20 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀ դատախազությունից պահանջում են ուղղակի վերահսկողություն սահմանել Շիրակի մարզի ընդանուր իրավասությունների դատարանում քննվող Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ գործի արդար քննության եւ դեպքի իրական հանգամանքների բացահայտման նպատակով։

Հայտարարությունում նշվում է, որ Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ արդարադատության կայացման համար: Կինը բազմիցս հայտարարել է, որ որդու սպանությունը պատվիրված է, հանդես է եկել բազմաթիվ բացահայտումներով, ինչի արդյունքում հայտնվել է սպառնալիքների թիրախում, նրան բազմիցս ծեծի են ենթարկել այդ թվում պետական տարբեր մարմիններում եւ դատարանում։ Նրա նկատմամբ կազմակերպվել է վրաերթ, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Կինն այժմ գտնվում է խիստ խոցելի եւ անպաշտպան վիճակում։

Ռուզաննա Ադանալյանը համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով: Ռուզաննա Ադանալյանը որդու սպանության պատվիրված լինելու եւ իրավապահների մասնակցության մասին ահազանգել է համապատասխան պետական մարմիններին, պատվիրատուի մասին հայտնել է նաեւ Ոստիկանության 6-րդ վարչությանը, սակայն ապարդյուն։

Բացի պետական մարմինների ճնշումներից՝ կնոջը անընդհատ հալածում եւ սպառնում է նաեւ նրա ամուսինը, որը ներկա է եղել որդու սպանությանը, սակայն այժմ սպառնում եւ պահանջում է, որ կինը չպայքարի արդարության համար։

Be the first to comment on "Որդուս սպանությունը եղել է պատվիրված եւ խմբակային, որը պարտակում են. 25-ամյա երիտասարդի մայրը անուններ է տալիս"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ