Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողը Կիևից կարող է արտահանձնվել Բաքու

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Ուկրաինայի իշխանություններին թույլ տալ ադրբեջանցի լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլիին անվտանգ կերպով լքել երկիրը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը:

Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» հեռուստաալիքի լրագրող Հուսեյնլին մարտի 5-ին հարձակման էր ենթարկվել Կիևում իր վարձակալած տան մոտ:

2017 թվականի հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին Հուսեյնլիին, ով Ադրբեջանի կողմից «Ինտերպոլ»-ով միջազգային հետախուզման մեջ է հայտարարված: Իրավապահները առգրավել էին նրա փաստաթղթերը, որով լրագրողը պատրաստվում էր մեկնել Կիևից: Հոկտեմբերի 27-ին դատարանը վճռել էր ազատ արձակել Հուսեյնլիին՝ սահմանելով, սակայն, որ նա առաջիկա երկու ամսում մնա Ուկրաինայում, մինչև այդ երկրի գլխավոր դատախազը կհետաքննի նրան Ադրբեջան արտահանձնելու մասին պաշտոնական Բաքվի դիմումը:

Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ երկարաձգել են հետաքննության ժամկետները, առաջիկա վերջնաժամկետ է սահմանված 2018 թվականի մարտի 20-ը:

Ինքը՝ Հուսեյնլին, խոսելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ, հերքել էր իր դեմ Ադրբեջանում ներկայացված մեղադրանքները. այն է՝ սահմանի անօրինական հատում, խարդախություն և կեղծիք: Լրագրողը հայտնել է, որ իր հետապնդումը պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ: Նա պարբերաբար ուսումնասիրել և հրապարակումներ է արել Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների, երկրի կառավարության կաշառակերության վերաբերյալ, քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին:

Հուսեյնլին հայտնել է, որ իր վրա հարձակված անձինք խոսել են ուկրաիներեն և ադրբեջաներեն: Նրանք ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել լրագրողին:

«Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին անմիջապես Ֆիքրեթ Հուսեյնլիին վերադարձնել ճանապարհորդելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և թույլ տալ նրան լքել երկրի տարածքը: Կիևը չպետք է մաս դառնա Ադրբեջանի՝ իր քննադատներին սահմաններից դուրս հետապնդելու գործողությանը: Մենք նաև հորդորում ենք Ուկրաինայի ոստիկանությանը հետաքննել Հուսեյնլիի դեմ մարտի 5-ի հարձակումը և արդար դատաստան տեսնել մեղավորների հետ»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի կոորդինատոր Նինա Օգնիանովան:

Be the first to comment on "Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողը Կիևից կարող է արտահանձնվել Բաքու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ